Փաշինյանը հանդիպել է Էրդողանի մտերիմ ընկերոջը...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին: Այս մասին politik.am-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Զրուցակիցները քննարկել են  Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների:

Հիշեցնենք, որ Ռիչարդ Մուրը երկար տարիներ եղել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը։ Նա համարվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի մտերիմ ընկերը։ 

Երբ Մուրը նշանակվեց Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար միջազգային մամուլը գրում էր, որ Մուրը, ի տարբերություն արեւմտյան վերնախավի մեծ մասի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ սերտ հարաբերությունների կողմնակից է։ Մեծ Բրիտանիայի դեսպանը դարձել է Թուրքիայի նախագահի անձնական ընկերը. Բրիտանական հետախուզության աշխատակիցը տեղեկատվական աջակցություն է ցուցաբերել Էրդողանի Եվրոպա կատարած ուղևորությունների ժամանակ, նրա ջանքերով բրիտանական մամուլում հրապարակվել են գովասանքի հրապարակումներ Թուրքիայի ղեկավարի մասին։ Մուրը մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի պաշտոնական Լոնդոնի վերաբերմունքը Անկարայի նկատմամբ տարբերվի ԱՄՆ վերաբերմունքից։ Թուրքիայում նախկին դեսպանը համոզված է, որ Էրդողանին տարածաշրջանում գլխավոր խաղացողի կարգավիճակ տրամադրելով՝ հնարավոր է նրա օգնությամբ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։