Փաշինյանը գնում է Մոսկվա, որպեսզի իմանա, թե ի...

Հայաստանյան ներքաղաքական դիրսկուրսում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե արդյոք առաջիկայում, ապրիլի առաջին տասնօրյակի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպմանը։

Պաշտոնապես, իհարկե, տեղեկություններ այդ մասին դեռ չկան։ Մեծ հաշվով հասարակության համար հիմա պաշտոնական լրահոսը քիչ հետաքրքիր է, եւ ավելի հավաստի են նաեւ այն լուրերը, որոնք ոչ պաշտոնական լրահոսից են մարդիկ վերցնում, սեփական ստուգման եղանակներով դրանց հավաստիության մեջ համոզվելով։

Ըստ քննարկումների, Փաշինյանի Ռուսաստան մեկնելը եւ Պուտինի հետ հանդիպումը լիովին հնարավոր է, հատկապես, երբ նաեւ նշվում են օրակարգային հիմնական հարցերը՝ գերիների վերադարձի խնդիր եւ քաղաքական ապագայի խնդիր։ Իրականում Փաշինյանը երկու պարագայում էլ Ռուսաստանի հետ «ժամացույց ուղղելու», կամ ավելի ճիշտ՝ իր «ժամացույցը» ռուսական կողմի «ժամացույցի» հետ համապատասխանեցնելու անհրաժեշտություն ունի, որը ավելին քան սովորական անհրաժեշտություն է, կարելի է ասել՝ կենսական անհրաժեշտություն է, ինչպես օդն ու ջուրը, քանի որ դրանից կախված է որպես քաղաքական գործիչ նրա լինել չլինելու հարցը։ Ավելի պարզ ասած, հիմա Նիկոլ Փաշինյանի համար ռուսների հետ լավ հարաբերությունները ավելի քան է, քան նույնիսկ սեփական աչքի բիբը, որովհետեւ Հայաստանում մեծ հաշվով բոլոր լծակները հիմա ռուսների ձեռքին է, սկսած մեդիառեսուրսներից մինչեւ Ղարաբաղյան խնդիր։

Այս համատեքստում, բնական է, որ պետք է նա այցելի Մոսկվա, որպեսզի հասկանա ի վերջո, թե Կրեմլում ի՞նչ տրամադրություններ կան․ արդյո՞ք ինքը այն անձն է, որպես քաղաքական դեմք, ով ձեռնտու է ռուսների համար նաեւ ապագայում, թեկուզ կարճաժամկետ ապագայի համար, եւ եթե ոչ, ապա ինքը, որ ըստ էության, ամեն բան արել է, որ ռուսները կարողանան Կովկասի «յուրացման» ներկայիս պրոցեսում գոնե մեր մասով հասնեն հաջողության, ինչ է ստանալու իր ծառայությունների դիմաց․ օրինակ կյանքի անվտանգության երաշխիքներ իր եւ ընտանիքի անդամների համար, գուցե՝ Ռուսաստանում կեցության հնարավորություն, եթե ընտրություններում վերարտադրությունը չստացվեց եւ այլն։

Մյուս պարագայում էլ, եթե Կրեմլում իրոք իր վրա խաղադրույք անելը դեռ հավանական է, ապա արդյո՞ք հնարավոր չէ այնպես անել, որ գերիների վերադարձը կազմակերպվի նախընտրական շրջանում, որպեսզի կարողանա նա դա փաթեթավորել համապատասխան ձեւով ու ներքին լսարանին մատուցել այնպես, որ սեփական հեղինակությունը աճի եւ կարողանա հավելյալ քվեներ շահել։

Մինչ այս պահը ռուսական կողմի կեցվածքից ենթադրելով, կարելի է ասել, որ Կրեմլը ունի իր որոշումները, գուցե նաեւ սցենարները, սակայն դեռ չի շտապում դրանք բարձրաձայնել, եւ ընդ որում, սցենարային բոլոր զարգացումներն էլ իրեն ձեռնտու են, իսկ օրինակ Ռուսաստանում կեցությունը ընտրությունների՝ իր համար աննպաստ արդյունքների պարագայում, լիովին հնարավոր է, թեկուզ եւ որպեսզ ինֆորմացիա կրող անձ, որին պետք է պահել տեսադաշտում եւ անմիջական հսկողության ներքո։