
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ հանդես եկավ։ Հայտարարությունն, ինչպես և սպասելի էր, հնարավորինս մեղմ էր, որպեսզի Էրդողան էֆենդին հանկարծ չբարկանա։
Իր տեքստում Փաշինյանը, խոսելով ցեղասպանության մասին, նշում է, որ այն տեղի է ունեցել Օսմանյան Կայսրության գոյության վերջին շրջանում։ Տպավորություն է ստեղծվում, թե ցեղասպանության հետ թուրքական պետությունը կապ ունի միայն ռեգիոնալ իմաստով։ Այսինքն՝ թուրքերը, բացի նրանից, որ իրենց տարածքում է տեղի ունեցել այդ ամենը, որևէ կապ չունեն դրա հետ։ Ոչ մի խոսք այն մասին, որ ցեղասպանությունը մանրամասն պլանավորել և իրագործել է հենց թուրքական պետությունը։ Ոչ մի խոսք այն մասին, որ այսօր Թուրքիայի Հանրապետությունը շարունակում է ժխտել ցեղասպանության փաստը, ավելին՝ հաճախ անգամ Էրդողանի բերանով այն արդարացվում է։
Այո՛, Հայաստանն այսօր այն վիճակում չէ, որ Թուրքիային պահանջներ ներկայացնի կամ սպառնա, բայց գոնե պատմական փաստերը չուրանալը պարտադիր պայման է, որը չի պահում Նիկոլ Փաշինյանը։ Ավելին՝ վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի ելույթները առավել նմանվում են թուրք քաղաքական գործիչների ելույթներին, որոնք ընդունում են, որ «պատմական ողբերգություն» է տեղի ունեցել, բայց չեն մոռանում հիշեցնել, թե դրա պատճառը մենք ենք եղել։
Ցեղասպանությանը նվիրված իր հայտարարության մեջ Փաշինյանը՝ «փչացած պլաստինկայի» պես, կրկին չէր մոռացել իր «սահմանագծման և սահմանազատման» մասին խոսել. «Սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին եւ զոհերին մեր հավատարմության առհավատչյան»,- գրել էր Փաշինյանը։
Այստեղ ևս Փաշինյանը խիստ մոլորության մեջ է, եթե իհարկե դա կարելի է մոլորություն համարել։ Աշխարհում, այդ թվում՝ ոչ հեռու անցյալում, պակաս ցեղասպանություններ, տեղահանություններ և էթնիկ զտումներ տեղի չեն ունեցել սահմանագծված և սահմանազատված պետությունների տարածքներում։ Ցեղասպանությունները, էթնիկ զտումները տեղի են ունենում ոչ թե չսահմանազատման պատճառով, այլ Թուրքիայի նման պետությունների և, հակառակ կողմում՝ Փաշինյանի նման կառավարիչների գոյության պայմաններում։
Փաշինյանի խոսքը մի բան է նշանակում՝ նա կամ ոչինչ չի հասկացել մեզ հետ տեղի ունեցածից, կամ ձև է տալիս, թե չի հասկանում։ Այդպիսի վարքագիծը միայն նոր ցեղասպանությունների պատճառ կարող է դառնալ։ Ցեղասպանության ուրացումը փրկություն չէ։