Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Եվրասիական տնտեսական միությունում էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը մի շարք առավելություններ կտա միության անդամ բոլոր երկրներին։
Վարչապետն այդ մասին ասել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում։
«Չնայած այն հանգամանքին, որ 2025 թվականին նախատեսվում է սկսել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների գործունեությունը, այս պահի դրությամբ ակնհայտ է, որ անդամ պետությունների միջև չկա հստակ միասնական մոտեցում՝ ընդհանուր էներգետիկ շուկա կառուցելու և զարգացնելու հեռանկարների առումով։ Վստահ եմ, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար, առանց բացառության, էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը մի շարք առանցքային առավելություններ կտա՝ նպաստելով տնտեսությունների կայուն զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։ Սա հաշվի առնելով՝ մենք կարծում ենք, որ մեր երկխոսությունը պետք է ուղղված լինի փոխզիջումային պայմանավորվածությունների որոնմանը»,- ասել է Փաշինյանը։