
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արծարծեց գազի դիմաց ազգային արժույթով վճարելու հարցը: Հիշեցնենք, որ ռուսական գազը Հայաստանը գնում է դոլարով:
Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ ջանքերը և բարենպաստ պայմաններ ստեղծել ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով վճարումներ կատարելու համար:
«Չնայած դրական դինամիկային, կան ոլորտներ, մասնավորապես, գազի շուկան, որտեղ ԵԱՏՄ ապրանքը ավանդավար ոչ ազգային արժույթով է առաջարկվում: Այդ պատճառով այս հարցը մեր առաջնահերթությունների թվում պետք է լինի»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաև միասնական ֆինանսական շուկա ձևավորելու մասին հայեցակարգը: «Դա ինքնին արդեն համարվում է լուրջ քայլ ընդհանուր ֆինանսական տարածքի ձևավորման և ժամանակակից վճարման համակարգի ներդրման համար»,- ասաց Փաշինյանը: