Փաշինյանը ցանկանում է պաշտոնանկ անել Հայկ Մար...

Ըստ ամենայնի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման օրերը հաշված են։ Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքում հրապարակվեծ մի հոդված, որում Հայկ Մարությանին մեղադրում են նախկինների և հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունենալու մեջ։ Հոդվածում մասնավորապես ասվում է․«Հայտնի է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, իր պաշտոնավարման մեկնարկից սկսած, բազմաթիվ անգամներ ցանկություն է ունեցել հրաժարական տալ, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով ամեն անգամ հետ է կանգնել այդ մտքից:

Սակայն տարօրինակ կերպով ամեն ինչ փոխվեց, երբ նա պատերազմի օրերին հայտնի գեներալ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հետ, որի հետ նա ունի քավոր-սանիկական հարաբերություններ, մեկնեց Արցախ:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատերազմի ավարտից հետո նա դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին և խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ:

Այժմ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մարությանը իր քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով նաև սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, որը նույնպես Ամարասի Արթուրի սանիկն ու մտերիմ ընկերն է:

Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Հատկանշական է, որ նրա հետ հանդիպումից հետո Մարությանի նկատմամբ շատ լոյալ դիրք են գրավել նաև Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները, որոնք նախկինում «օր ու արև չէին տալիս» Մարությանին, և նա ամենաշատ քննադատության արժանացող պաշտոնյաներից էր իշխող քաղաքական թիմում»,-ասվում է հոդվածում:

Փաշինյանի ընտանեկան կայքում այս հոդվածի հրապարակումը նշանակում է, որ իշխանական ընտանիքը որոշել է ազատվել նրանից և սա գործընթացի սկզբի ազդարարում կարելի է համարել։