Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան։
Այդ մասին հայտնել է Վրաստանի առաջին ալիքը։
Հայ գործընկերոջը կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Երկու երկրների վարչապետների դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի կունենա Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստ՝ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ։
Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։
ՀՀ վարչապետը Վրաստան կայցելի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի հետ։
Նշվում է, որ տեղեկատվությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության աշխատակազմի կողմից։



