Երեկ հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացրել է Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:
Երեւան քաղաքի դատախազը Վերաքննիչից պահանջում է ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ալիկ Բանդուրյանի, Պետրոս Իսրայելայնի եւ Արմեն Գասպարյանի վերաբերյալ դատավճիռը: Նա պահանջում է ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 14 տարի ժամկետով, ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 38-112 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով, ամբաստանյալ Արմեն Գասպարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 335 հոդ. 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Փաշինյանի թիմակից Սասուն Միքայելյանը այն պատգամավորների թվում էր, որ ստորագրությամբ երաշխավորել էր, որպեսզի դատարանը փոխի Նորատուսցի Ալիկի խափանման միջոցը։ Փաշինյանի թիմի մեկ այլ անդամ «ախրանիկ» պատգամավոր Հայկ Սարգսյանը, ըստ մամուլի հրապարակումների, մտերիմ հարաբերություններ ունի նշված քրեական հեղինակության հետ։ Նորատուսցի Ալիկն էլ իշխանափոխությունից հետո ազատության մեջ հայտնվելու համար նախընտրական քարոզարշավի ընթացքում ակտիվ աշխատել է Հայկ Սարգսյանի համար։
Հիմա, փաստորեն, Սասուն Միքայելյանի և Հայկ Սարգսյանի հովանավորյալը կրկին կանգնած է ազատազրկման վտանգի առաջ։ Խոսակցություններ կան, որ այս անգամ Փաշինյանի թիմի պատգամավորները չեն կարողանա օգնել իրենց մտերիմ քրեական հեղինակությանը։ Նա, ամենայն հավանականությամբ, այս անգամ չի խուսափի արդարադատությունից։



