Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իրական մեդիա տեռոր են սկսել գերիների դեմ։ Եթե ընտրություններից առաջ գերիները Փաշինյանի եղբայրներն էին ու Բաքվի բանտերում պայքարում էին Հայաստանի անկախության համար, ապա հիմա հանցագործներ են, որոնք պետք է փտեն բանտերում։ Եվ սա անում է մի իշխանություն, որ ամիսներ առաջ գերիների հերոսացման գործին էր լծված։
Գերիներին իհարկե չի կարելի է հերոսացնել, բայց չի էլ կարելի բոլորին հանցագործ ներկայացնել, եթե դեռ պարզ չեն հանգամանքները, երբ չկա դեռ դատարանի օրինական վճիռ։
Անգամ առանց դատարանի վճռի մի բանում վստահ կարելի է լինել, որ Փաշինյանն ու իր թիմակիցները 18-20 տարեկան երիտասարդներին որևէ բանում մեղադրելու իրավունք չունեն։ Նրանք իշխանություն են, որ դեռևս անհասկանալի շահերից դրդված առանց որևէ կրակոցի հանձնել են Արցախի ամբողջական շրջաններ, Հայաստանի որոշ հատվածներ, միջպետական ճանապարհը։ Փաշինյանը ղեկավար է, որին թշնամական երկրի ղեկավարը անվանում է հարբած ծաղրածու և ոչ մի պատասխան չի ստանում։ Դավաճանական նկրտումներով իշխանություն ունենալու պարագայում դժվար է պատկերացնել 18 տարեկան մի երիտասարդի, որ վստահորեն կարող է կանգնել իր դիրքում։
Ի վերջո, զինվորները տեսել են, որ իրենց ընկերների կյանքի գնով պահված հողը Փաշինյանը հանձնել է առանց օֆ քաշելու ու հենց ինքն է պարտվողականություն սերմանել զինվորականների շրջանում։ Փաշինյանի իշխանությունն էր, որ զինվորական արտահագուստով թափթփուկների տեսանյութեր էր տարածում, որում նրանք հայտարարում էին, թե Փաշինյանը ճիշտ է արել, որ հանձնել է հողերը ու փրկել իրենց կյանքերը։ Փաշինյանն ինքն էլ պնդում էր, որ հանձնել է Արցախի մեծ մասը, որպեսզի փրկի 35 հազար զինվորի կյանք։ Հիմա անգամ ինքնակամ հանձնվողները ինչն են այլ կերպ արել։ Նրանք էլ հանձնել են իրենց դիրքը, որպեսզի փրկեն իրենց կյանքերը, ինչպես Փաշինյանն էր խորհուրդ տալիս ու եթե դատարանի առաջ կանգնելու խնդիր կա, ապա գերիներից շատ առաջ դա պետք է անի հենց Փաշինյանը։
Հետաքրքիր է, որ գերիների դեմ մեդիատեռոր սկսած Փաշինյանն անգամ իր ընտանիքի անցյալը չի փորձում մտաբերել։ Չէ որ իր պապը՝ Նիկոլ Փաշինյանն էլ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին է գերի ընկել, ավելին, ըստ ՌԴ ՊՆ պաշտոնական աղբյուրի անգամ համագործակցել է թշնամու հետ ու համարվել է դավաճան։
Փաշինյանի պապիկի գերի ընկնելու փաստի մասին Politik.am-ը ծավալուն ուսումնասիրություն էր կատարել, որն առաջարկում ենք ևս մեկ անգամ ընթերցել։
«Մայիսի 9-ին, Երկրորոդ համաշխարհային պատերազմի 75-ամյակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր պապի լուսանկարը և գրել.>«Փաշինյան Նիկոլ Առաքելի, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»։
Այս գրառումից հետո լրատվադաշտում սկսեցին քննարկումներ այն մասին, թե Նիկոլ Փաշինյանի պապը համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ։ Օգտվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծված «Մեմորիալ» (այստեղ արխիվացված են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների, անհայտ կորածների և մահացածների տվյալները) կայքից՝ նրանք գտել էին Նիկոլ Փաշինյանի պապիկի տվյալները։
Լրատվամիջոցների այս հրապարակումներից հետո «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հիմնված Փաստերի ստուգման հարթակը պաշտոնապես հայտարարեց, որ վարչապետ Փաշինյանի պապի մասին տարածվող տեղեկությունը, թե նա աջակցել է գերմանական բանակին, չի համապատասխանում իրականությանը։
Այս հրապարակումներից ամիսներ անց նկատեցինք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծված «Մեմորիալ» հարթակից բացակայում է Նիկոլ Առաքելի Փաշինյանի մասին տվյալները։ Հարթակում առկա են միայն Նիկոլ Վարդանի Փաշինյանի մասին տվյալներ, ով էլ ըստ մամուլի հրապարակումների դավաճան է եղել։
Նիկոլ Փաշինյանն իրականությունը իր պապի մասին գրել է իր պաշտոնական nikolpashinyan.com կայքում, որն արդեն հասանելի չէ, բայց մեզ հաջողվեց գտնել կայքի արխիվացված տարբերակը, որում Փաշինյանն իր պապի մասին գրում է․«Պապս` Նիկոլ Առաքելի Փաշինյանը, զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Որքան ինձ պատմել են, նրանց գունդը գերի է ընկել Ղրիմի թերակղզում` դեռեւս հասցրած չլինելով անգամ զենք ստանալ։ Հետո պապս մի քանի ընկերների հետ փախուստ է ձեռնարկել համակենտրոնացման ճամբարից ու զոհվել փախուստի ընթացքում։ Պատմում են, որ նա եղել է Իջեւանի միլիցիայի անձնագրային բաժնի պետը եւ ճակատ է մեկնել որպես կամավոր` տանը թողնելով երկու հորաքույրներիս եւ նորածին հորս»։
Ինչպես տեսնում ենք իր պաշտոնական կայքում Փաշինյանը հայտարարում է, որ պապը անգամ զենք ստանալ չի հասցրել ու գերի է ընկել։ Այսինքն Փաշինյանը ընդունում է, որ պապը անգամ մեկ օր չի հասցրել կռվել։ Հետաքրքիր է, որ ՌԴ պն պաշտոնական հարթակի տվյալներով դավաճան Նիկոլ Փաշինյանի զորամասի առաջնային տեղակայման վայրը ևս եղել է Ուկրաինայում։
Հետաքրքիր է, որ դեռևս մայիսի 8-ին վարչապետ Փաշինյանը միջպետական «ՄԻՐ» հեռուստաընկերության հետ զրույցում պատահաբար բացահայտել է, որ իր պապի մասով կա երկու փաստաթուղթ․«Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչպես է պապս մահացել։ Մի փաստաթղթերով մահացել է 1943 թվականին, մյուս փաստաթղթերով` անհետ կորել է»,-հայտարարել էր Փաշինյանը։
Այսինքն «Մեմորիալ» հարթակում ի սկզբանե եղած երկու Նիկոլ Փաշինյաններն էլ նույն մարդիկ են եղել։ Սա է նաև պատճառը, որ ՌԴ ՊՆ պաշտոնական այս հարթակից հանել են նրանցից մեկի՝ Նիկոլ Առաքելի Փաշինյանի տվյալները։ Ինչպես նկատում եք վարչապետ Փաշինյանի խոսքից նա չի խոսում զոհվելու մասին, երկու դեպքում էլ նա օգտագործում է մահացել բառը։
Նույն հարցազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը նաև ստել է։ Նա հայտարարել է, թե ոչինչ չի հիշում իր պապի մասին․«Պապիս մասին ոչինչ չեմ հիշում, նույնիսկ հայրս չի հիշում նրան, որովհետև մեկ տարեկան է եղել, երբ պապս գնացել է պատերազմ»,-ասել է Փաշինյանը։ Բայց մենք ինչպես արդեն նկատել էինք իր պաշտոնական կայքում վարչապետը բավական տեղեկացված է եղել պապի ճակատագրից։
Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը իրականում ԽՍՀՄ-ում դավաճան է համարվել, բայց պետք է հաշվի առնել, որ ԽՍՀՄ-ում դավաճան էին համարվում բոլոր նրանք, ովքեր գերի էին ընկնում։ Այսինքն մենք միարժեք չենք կարող պնդել, որ նա պատերազմի տարիներին կռվել է Նացիստական Գերմանիայի կողմից, բայց կասկածներն ու պաշտոնական «պիտակը» առնվազն մնում են։ Վարչապետ Փաշինյանն ինքը փաստում է, որ իր պապի վերաբերյալ կա երկու փաստաթուղթ։ Արձանագրենք նաև, որ ՌԴ ՊՆ պաշտոնական հարթակից հանվել է Նիկոլ Առաքելի Փաշինյանի մասին տեղեկությունները։ Նշանակում է, որ ՌԴ ՊՆ-ն իր համար հստակեցրել է, որ պատերազմին մասնակցել է մեկ Նիկոլ Փաշինյան և նա ըստ պաշտոնական աղբյուրների համագործակցել է թշնամու հետ։ Փաստենք, որ կասկածելի է նաև վարչապետ Փաշինյանի կեցվածքը՝ նախկինում նա ազատորեն խոսում էր իր պապի մասին և այդ մասին գրել էր իր պաշտոնական կայքում, իսկ հիմա հայտարարում է, թե ոչինչ չի հիշում։ Այս հանգամանքը առնվազն կասկածի տեղիք է տալիս, որ Փաշինյանը փորձում է թաքցնել իրականությունը։