Փաշինյանի օրոք ընտրությունների գնալը նշանակու...

Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին մասնակցությունը, անգամ եթե նա լինի պաշտոնակատարի կարգավիճակով, նշանակում է գործընթացի լեգիտիմացում: Այս մասին «Հայելիի» հետ հարցազրույցում ասել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա մատնանշել է նախնական խախտումները՝ աներեւակայելի շտապողականություն, ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածություններ, ԸՕ-ում փոփոխություններ՝ առանց հաշվի առնելու միջազգային նորմերն ու հանրային քննարկումները, առանց ժամկետները պահպանելու: Զաքարյանի խոսքով՝ Փաշինյանը փորձում է արհեստականորեն ձեւավորել իրեն անհրաժեշտ իրավիճակ եւ առիթի դեպքում մեղադրել ընդդիմությանը:

Ընտրություններին ՀՀԿ մասնակցության առնչությամբ Զաքարյանը նշեց, որ առայժմ վերջնական որոշում չի ընդունվել, իրավիճակը ՀՀԿ-ի համար էլ հստակ չէ, սակայն գործընթացին մասնակցությունը կնշանակի լեգիտիմացում: Ներկայիս իրավիճակում երկիրը ընտրությունների տանելը նշանակում է երկրի կործանում ընտրություններ կոչվող ֆարսի միջոցով: Այս պատճառով Զաքարյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն կբոյկոտի ընտրությունները, եթե այն, այնուամենայնիվ, կազմակերպի Փաշինյանը:

«Առանց Փաշինյանի ընտրությունները բոլորովին այլ իրավիճակ է: Փաշինյանը, նույնիսկ փոքր թիմ ունենալով, կեղծելու է ընտրությունները եւ կարող է բախումներ առաջացնել հասարակության մեջ»,- զգուշացրեց նախկին պաշտոնյան: Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի առջեւ խնդիր է դրված նախեւառաջ հեռացնել Փաշինյանին, բայց նույնքան կարեւոր խնդիր է հետագա 4-5 տարիների գործողությունների որոշումը, հասկանալը, թե ինչ ուժեր կարող են երկիրը դուրս բերել իրավիճակից: «Նիկոլ Փաշինյանը սասանեց պետության անձեռնմխելիությունը: Հայաստանը չունի ներքին անձեռնմխելիություն: Նա բոլորին վերածեց թշնամիների, հանցագործների եւ կողոպտիչների, եւ այս ամենը ստի սոուսով: Սա տեսնում են ինչպես դաշնակիցները, այնպես էլ թշնամիները: Փաշինյանի հետ ընտրությունները նշանակում են, որ Հայաստանը չի հասկացել իր խնդիրները: Նրանից առաջ նույնպես խնդիրներ կային, բայց լուծումներ նույնպես կային: Փաշինյանի գալով՝ մնացին միայն խնդիրները՝ առանց որեւէ ձեռքբերման եւ դրական քայլի: Չի կարելի մտածել, որ աղետի աղբյուրի հետ կարող ես գնալ ընտրությունների»,- ասաց Զաքարյանը: