ՔՊ-ն ոտից գլուխ թաթախված է կոռուպցիայի մեջ

Հիշո՞ւմ եք տարիներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, իր հիմնական խոսույթն այն մասին էր, որ եկել է արմատախիլ անելու կոռուպցիան, եկել է սպանելու պոզով-պոչով այդ վախենալու մոնստրին, այդ կենդանուն։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Ի՞նչ արեց ժամանակի ընթացքում, ընկերացավ պոզով-պոչով այդ կենդանու հետ, բարեկամացավ, իր մշտական ընկերը դարձրեց և որևէ քննարկում իրական փոփոխություններ կոռուպցիայի դեմ պայքարի մասով ընդհանրապես չկա»,- ասաց նա:

Գրիգորյանն այնուհետև օրինակներ բերեց, թե ինչպես է, ըստ իրեն, իշխանությունը թաթախված կոռուպցիայի մեջ:

«Օրինակ, Վեդի համայնքապետ Գարիկ Սարգսյանը իր հարազատ քեռուց միայն 2023 թվականին 280 միլիոն դրամանոց տենդր է վերցրել, իսկ 2018-ից 24 թվականների ընթացքում, այսինքն այս իշխանությունների կառավարման ժամանակահատվածում 206 միլիոն դրամի տենդեր շահել է Գարիկ Սարգսյանի քեռին։ Մեզանում տարածված այսպիսի խոսույթ կա, չէ՞, քանի քեռին կա, հա՞, իր քրոջ որդին մի շոկոլադ պիտի ուտի։ Հիմա, քանի Գարիկ Սարգսյանը կա, նրա քեռին միշտ տենդր պիտի շահի»,- ասաց նա:

Հաջորդիվ Գրիգորյանը խոսեց Դիլիջանի համայնքապետի մասին: «Դիլիջանի համայնքապետը, սեփական եղբորը շուկայականից գալիս էժան և արագացված, հրատապ կերպով տարածք է տալիս: Դրանից հետո կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ասում է, որ պետք է վճարի, ընդամենը ինչքա՞ն է վճարում, 300 հազար դրամի տուգանք է վճարում և դրանով ամբողջ խնդիրն ավարտվում է: Այսինքն, յուրաքանչյուրը կարող է հարազատ եղբորը, հարազատ քեռուն, հարազատ բարեկամին էժան գնով տարածքներ տա և հետո 300 հազար դրամ վճարի ու հարցը փակվի ընդհանրապես»,- ասաց նա:

Ապա, Գրիգորյանը դիմելով ժողովրդին, ասաց. «Ասում էին՝ պետական բյուջեն ձեր բյուջեն է, հայրենակիցներ ջան, ձեր բյուջեն չի, իրենց սեփական բյուջեն է, իրենց կյանքը լավարկելու բյուջեն է, պադավատներով ման գալու, աննպատակ վոյաժներով իրենց կյանքը վայելելու բյուջեն է: Այդ բարեկեցության մասին, որ խոսում են, ամենևին էլ ձեր բարեկեցության մասին չեն խոսում, միայն ու միայն սեփական բարեկեցության մասին են խոսում»: