Փաշինյանի կառավարությունը շարունակում է հակառ...

Արդեն հայտնի է դարձել, որ Հայաստանի Պնախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Պնախարարների խորհրդի նիստին։ Միաժամանակ նաեւ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ չի մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին։

Մի փոքր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը խնդրել է ՀԱՊԿ օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու մասին փաստաթղթի նախագիծը։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ, մեկնաբանելով այդ քայլը հայտարարել է հետեւյալը․ «Դրա մասին բազմիցս խոսվել է, և ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդում փաստաթղթի չստորագրելը դրանով էր պայմանավորված, որ Հայաստանը ակնկալում էր, որ անհրաժեշտ էր արձանագրել, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքը։ Ցավոք, այդ պատասխանատվության տարածքը և Հայաստանի կոնկրետ քարտեզը իր սահմաններով չի արձանագրվել և դա է խնդիրը ՀԱՊԿ-ի հետ կապված աշխատանքների մեջ»։

Ի մի բերելով այս, ինչպես նաեւ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ առաջիկա Մինսկի գագաթնաժողովին չմասնակցելու մասին հայտարարությունը, կարող ենք արձանագրել հետեւյալը․

Փաշինյանի կառավարությունը շարունակում է հակառուսական դեմարշի «հիթ շքերթը»։ Բոլոր հնարավոր տարբերակներով եւ բոլոր հնարավոր մակարդակներում Փաշինյանն ու իր թիմը կամ բոյկոտում են այն բոլոր միջոցառումները, որոնք անցկացվում են հետխորհրդային տարածքում ռուսների մասնակցությամբ, կամ եթե մասնակցում էլ են, ապա՝ այնպիսի պաշտոնյաների են գործուղում, որ ընդգծվի որ իրենք այդ միջոցառումները դիտարկում են նսեմացված, չկարեւորված դերում։ Բացի այդ, եթե անդրադառնանք Հակոբ Արշակյանի՝ վերեւում արդեն ներկայացված մեկնաբանությանը, ապա Փաշինյանական թիմը կատարում է բավական ինտրիգային եւ վտանգավոր արձանագրում՝ ըստ էության հայտարարելով, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները, այսինքն՝ ՀԱՊԿ-ը չի ճանաչում, թե օրինակ որտեղ է սկսվում Հայաստանի տարածքը եւ որտեղ ավարտվում, որպեսզի դա դիտարկի իր պատասխանատվության գոտի։ Սա ինչպես արդեն նշեցինք, բավականին վտանգավոր հայտարարություն է, քանի որ կարող է պարզապես Բաքվի համար հանդիսանալ Հայաստանի դեմ նոր ռազմական գործողության «հրավեր»․ եթե ՀԱՊԿ-ը Հայաստանի փաստացի սահմանը չի ճանաչում, ապա ըստ՝ «սահմանները գծվում են զենքով» սկզբունքի, Բաքուն, հաշվի առնելով Հայաստանի՝ ռազմական առումով բավականին ծանր վիճակը, որով ի վիճակի չէ դիմադրելու, ըստ էության ադրբեջանական նոր ագրեսիային, կարող է ինքը գծել այդ սահմանը։ Այլ հարց է, թե Բաքուն նոր ռազմական արկածախնդրության մեջ կմտնի թե ոչ, սակայն անկախ դրանից, Երեւանից նման հայտարարության հնչեցումը առնվազն տեղին չէ՝ ներկայիս ռեգիոնալ ռազմաքաղաքական իրականության պայմաններում։