
Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը անցնում է լարված մթնոլորտում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձել է նիստի ընթացքում հակահայկական քարոզչություն իրականացնել, թշնամանքով խոսելով հայ պատմական գործիչներից մեկի՝ Գարեգին Նժդեհի մասին.«Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի հուշարձանը, և այդ արձանը շարունակում է կանգուն մնալ նաև այսօր»:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը չի ուշացել: Վարչապետ Փաշինյանի պատասխան իրապես եղել է հուժկու և կոշտ.«Մենք դեմ ենք պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձերին: Դժբախտաբար, Իլհամ Ալիևի խոսքում մենք տեսանք նման փորձեր: Երբ լսեցի նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհի» կինոնկարը, երբ Շուրիկը հարցնում է, իսկ մատուռը նույնպես ե՞ս եմ քանդել: Իլհամ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր ուներ Հայրենական մեծ պատերազմում, իսկ Գարեգին Նժդեհը նացիստական շարժման առաջնորդն էր:
Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք են հայ ժողովրդի համար: Եվ ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք ԱՊՀ պետությունների ղեկավարների և ժողովուրդների նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են այստեղ: Ներողություն եմ խնդրում նման լարվածության համար: Դուք տեսաք, որ ես չեմ դրա հեղինակը», - հայտարարել է ՀՀ վարչապետը: