Փաշինյանի հարցադրումը կարող է դառնալ սպառնալի...

Նիկոլ Փաշինյանը, նախկին նախագահներին ուղղված իր հարցով, ներքաղաքական բանավեճը տարավ այնպիսի հարթություն, որը կարող է վտանգել Հայաստանի ազգային անվտանգությունը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Նրա խոսքերը՝ «Եթե ես եմ Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել, բա ինչո՞ւ 2018-ին 18 տարեկան հայ զինվորը գտնվում էր ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս», ներքաղաքական վիճաբանության ձևով հնչեցին որպես Բաքվի քարոզչության բառացի կրկնություն։

Այս ձևակերպմամբ Հայաստանի վարչապետը փաստորեն ընդունում է Ադրբեջանի գլխավոր պնդումը, թե Հայաստանը «բռնազավթել է Ադրբեջանի տարածքները»։

Փաստացի, Փաշինյանը ոչ միայն խեղաթյուրում է ԼՂ հարցը, այլև Հայաստանի դեմ միջազգային հարթակներում ցուցմունք է տալիս՝ մեզ ներկայացնելով որպես «ագրեսոր» և «օկուպանտ»։

Սա ոչ միայն քաղաքականապես վտանգավոր է, այլ նաև իրավական հետևանքներ կարող է ունենալ։

Հայաստանի ղեկավարի յուրաքանչյուր խոսք ընկալվում է որպես պաշտոնական դիրքորոշում, և այն կարող է գործի դրվել մեր դեմ։

Փաշինյանի խոսքը խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքը։ Արցախում կանգնած հայ զինվորը չէր գտնվում «օտար տարածքում»․ նա պաշտպանում էր․

 Հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը,

և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է։

ԼՂ հարցի հիմքում դրված է ինքնորոշման իրավունքը, որը ամրագրված է մի շարք կարևոր միջազգային փաստաթղթերով․

●ՄԱԿ-ի կանոնադրություն (Հոդված 1․2) – ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը,

●ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 1514 որոշում (1960) – գաղութատիրությունից ազատագրման հռչակագիր, որտեղ ամրագրվում է ժողովուրդների ազատորեն իրենց ապագան ընտրելու իրավունքը,

●Հելսինկի եզրափակիչ ակտ (1975), ըստ որի, ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը միջազգային հարաբերությունների անբաժան հիմք են։

Այս փաստաթղթերը վկայում են, որ Արցախի հայության պայքարը երբեք չի կարող դիտվել որպես «գրավում» կամ «բռնազավթում», այլ եղել է սեփական գոյությունն ու ապագան ապահովելու օրինական իրավունք։

Փաշինյանը ստեղծել է խիստ վտանգավոր նախադեպ:

Ներքաղաքական վիճաբանության շրջանակում ասված նման խոսքերը վերածվում են արտաքին սպառնալիքների։

Ադրբեջանը վաղուց է փորձում համոզել աշխարհին, որ հարցը «օկուպացիայի» մասին է։

Երբ Հայաստանի ղեկավարը նման բառապաշար է օգտագործում, նա ակամա ուժեղացնում է այդ քարոզչությունը՝ փաստացի Հայաստանի դեմ խոսելով միջազգային հարթակներում։

Նիկոլ Փաշինյանի այս խոսքը ցույց է տալիս, որ ներքաղաքական բանավեճում օգտագործված բառերը կարող են վերածվել պետական անվտանգությանը սպառնացող գործոնի։

Հայաստանի հասարակությունը, ընդդիմությունը պետք է հստակ արձանագրեն, որ ԼՂ հարցը երբեք չի եղել «օկուպացիայի» մասին․ այն եղել է ինքնորոշման իրավունքի և ժողովրդի անվտանգության հարց»: