Հայաստանի ներքաղաքական տրամադրությունները կտրուկ փոփոխություն են ապրել։ Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները ցույց տվեցին հասարակությանը, որ նոր իշխանությունները ոչնչով չեն տարբերվում նախկիններից, ավելին՝ պետության ղեկավարման փորձառության առումով զիջում են նրանց։
Շաբաթվա սկզբին Իջևանում տեղի ունեցած իրադարձությունները շրջադարձային էին ոստիկանություն-քաղաքացիներ հարաբերությունների մասով։ Եթե մինչ այդ իշխանությունները կարողացել էին համոզել հասարակությանը, որ «ոստիկանը իրենցն է», ապա իջևանյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ոստիկանը շարունակում է մնալ մահակ իշխանությունների ձեռքին, և վերին օղակների ցանկության դեպքում այդ մահակը իջնում է ժողովրդի գլխին։ Իջևանը ազդակ էր հասարակության համար, որ այլևս ոչ թե գործ ունեն իշխանության հասնել ցանկացող խմբի հետ, այլ հնարավոր բոլոր օղակները գրաված իշխանական «թայֆայի» հետ։ Եվ քանի, որ «թայֆայի» դեմ դուրս գալ չի կարելի, ապա պետք է իջևանցիները պատժվեին իրենց հանդգնության համար։
Շաբաթվա հաջորդ կարևոր իրադարձությունը Գյումրիում էր։ «Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին են մոտեցել Գյումրու բնակիչները՝ տարբեր խնդրանքներով: Նրանցից մեկը բազմազավակ մայր ներկայացած կին էր, կառավարությունից աջակցություն էր խնդրում:
Քաղաքացու օգնության խնդրանքին Փաշինյանը պատասխանել էր․«Թող ձեր տղան գնա աշխատի, հերիք ա հա՞»,-ու շտապել դեպի իր թանկարժեք մեքենան՝ ճանապարհին հասցնելով քաղաքացիներին ավետել, որ ինքը երիտասարդ տարիքից աշխատել և ընտանիք է պահել։
Գյումրու միջադեպով էլ վարչապետ Փաշինյանը իր և քաղաքացիների միջև «կարմիր գիծ» անցկացրեց։ Վարչապետն այլևս հասարակ չինովնիկ է, ում հետաքրքրում է իր օգնականների թիվը, ավտոշարասյունը, արտասահմանյան հետաքրքիր այցերը (որոնց, ի դեպ, նա հաճախ տանում է նաև իր ընտանիքի անդամներին, որպեսզի կյանքից հետ չմնան), արտասահմանյան այցերի ժամանակ կերած էկզոտիկ ուտեստները, իսկ ժողովուրդը թող իր գլխի ճարը տեսնի։ Չկա այլևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով ժողովրդի «դարդերով» դիվիդենտներ էր հավաքում։



