«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Իշխանական կուլիսներում երեկ քննարկվող գլխավոր թեման, բնականաբար, Հովհաննավանքում կիրակնօրյա «պատարագն» էր, որն ի ցույց դրեց իշխանություն-եկեղեցի հակամարտության վերաբերյալ շարքային քաղաքացիների դիրքորոշումը, դրանով պայմանավորված՝ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաեւ՝ իշխանության ներսում տիրող մթնոլորտն այս հարցի վերաբերյալ։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր բոլոր մարզպետներին, նրանք էլ՝ ՏԻՄ ղեկավարներին, ինչպես նաեւ բոլոր ՔՊ-ականներին, հնարավորինս մեծ թվով մարդկանց ներկայություն ապահովել Հովհաննավանքում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե ժողովուրդը ողջունում է Վեհափառի դեմ իրենց արշավը, եւ դրա ապացույցը «Կտրիճ Ներսիսյանի կողմից կարգալույծ արված քահանա Տեր Արամի», իսկ ավելի ճիշտ՝ Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին» մարդկանց ակտիվ մասնակցությունն է։ Սակայն Փաշինյանի պլանն ամբողջովին ձախողվեց, քանի որ վարչական լծակների գործադրմամբ, ուժային տասնյակ աշխատակիցների ներկայությամբ նրանց հաջողվեց, ըստ իշխանական հաշվարկի, հազիվ 1000-1200 մարդ հավաքագրել, որից եթե ոստիկաններին եւ քաղաքացիական հագուստով ՊՊԾ եւ ԱԱԾ ծառայողներին հանենք, տակը հազիվ 500-600 մարդ կմնա:
Արագածոտնի մարզի Օհանավան գյուղը, որտեղ գտնվում է Հովհաննավանքը, մոտ 2.5 հազար բնակիչ ունի, իշխանականները վերջին օրերին թմբկահարում էին, թե իբր գյուղի բնակիչներն են դեմ, որ կարգալույծ հռչակված քահանան հեռանա, ու հենց նրանք թույլ չեն տալիս, որ փոխարինող գա, սակայն պատարագն ի ցույց դրեց նաեւ, որ գյուղի բնակչության անգամ կեսը չի մասնակցել ապօրինի պատարագին, իսկ փոխարինող քահանայի մուտքն արգելափակող խմբակում տեղի բնակիչներից ընդամենը 3-4 հոգի են եղել, մյուսները՝ եկվորներ։
Ինչեւէ, ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը գազազել է պատարագից հետո՝ տեսնելով, որ անգամ խմբակցության պատգամավորների մեծ մասը ներկա չէ, իսկ ովքեր էլ եկել են, նրանցից շատերը դիսկոմֆորտի մեջ են եղել, ինչը չեն կարողացել թաքցնել մասնավոր զրույցներում, դիցուք՝ Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Պատմեցին նաեւ, որ բազմաթիվ համայնքապետեր հրաժարվել են մասնակցել ու մարդ բերել, ովքեր էլ նախապես խոստացել են, հետո պատրվակ են գտել չներկայանալու, ովքեր էլ ամեն ինչ արել են, որ մարդ բերեն, իրենց նախատեսածից մի քանի անգամ քիչ մարդ են կարողացել բերել։
ՔՊ-ում ահուսարսափով են սպասում ձախողված առաջնորդի կողմից «դատաստանին»: Մեր զրուցակիցն անգամ չբացառեց, որ ոմանց նկատմամբ հնարավոր է քրեական հետապնդումներ իրականացվեն` Փաշինյանին «քցելու» համար։
Պատարագից հետո նրա հայտարարությունը, որ հաջորդ շաբաթ էլ է Հովհաննավանքում պատարագի մասնակցելու, էլ ավելի է փոթորկել իրավիճակը։ ՔՊ-ում մտահոգ են, հասկանում են, որ Փաշինյանը չի ների, եթե այս անգամ էլ չմասնակցեն ֆեյք-պատարագին։ Որոշներն էլ ձեւացնում են, թե խնդիրը ոչ թե պատարագին մարդկանց քանակն է, այլ՝ ինքնին բովանդակությունը։ Իսկ Հովհաննավանքում տեղի ունեցածի «խորհուրդը», ըստ իշխանականների, այն է, որ Վեհափառի գահակալությունից դուրս է բերվում քահանաների ու հավատացյալների մի շերտ, որոնք ուղիղ Փաշինյանին են ենթարկվելու: Չի բացառվում, որ հաջորդիվ իշխանությունը որսի դուրս գա բոլոր թեմերում՝ նոր տերարամների փնտրտուքով, եւ նման այլընտրանքային «Աստծո տներ» հիմնադրի յուրայինների համար։



