Փաշինյան-Մամեդյարով-Մինասյան գաղտնի կապը․ ինչ...

Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում չդիմանալով «Հայաստան» խմբակցության պատգամավորների հարցադրումներին, հունից դուրս եկավ և հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքը չի հաղթահարելու անցողիկ շեմը։

Այս հայտարարությունից հետո, զարմանալի համընկմամբ, նույն թեզը սկսեցին ակտիվորեն շրջանառել նաև Միքայել Մինասյանի թիմակիցները, որոնք երկար ժամանակ բացահայտ հակաքարոզ էին վարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Այժմ այս «երգչախմբին» միացել է նաև Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Վերջինս հայտարարել է․
«Նայեք իրավիճակին։ Քոչարյանը հրաժարվեց հանրահավաքներ անցկացնելու գաղափարից, որովհետև գիտի՝ չի կարողանա մարդկանց մոբիլիզացնել։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ վճարովի մասնակիցների հաշվառմամբ հանրահավաքներին մասնակցել է ընդամենը 10–12 հազար մարդ»։

Այս հայտարարությունն այն ուղիղ փաստն է, որը հաստատում է մեր հոդվածներում բազմիցս արված պնդումը՝ Փաշինյանն ու Մինասյանը գտնվում են նույն աշխարհաքաղաքական տանիքի տակ։ Իսկ Մամեդյարովը, կամ ավելի ճիշտ՝ Իլհամ Ալիևի ղեկավարած համակարգը, նույնպես այդ նույն տանիքի հովանու ներքո է։

Նրանց բոլորի համար Քոչարյանի իշխանության տարիները մերժելի անցյալ են, իսկ նրա վերադարձի հավանականությունը՝ իրական մղձավանջ։ Քոչարյանի վերադարձը կնշանակի, որ Հայաստանի ներսում փակվում է Փաշինյանի և Մինասյանի տիպի քաղաքական գործիչների էջը։

Նրանց համար Հայաստանում մնալու միակ տարբերակը դառնալու է իրենց գործողությունների համար օրենքի առաջ պատասխան տալը։

Իսկ Ադրբեջանի համար Քոչարյանի վերադարձը կնշանակի «ոսկե դարի» ավարտ։ Կգա մի փուլ, երբ Հայաստանի դեմ ցանկացած քայլ պետք է բազմակի անգամ կշռադատվի, քանի որ դրանք այլևս չեն ընդունվելու «հալած յուղի տեղ», և Հայաստանի շահը սպասարկվելու է այլ տրամաբանությամբ։

Քոչարյանի վերադարձը կնշանակի նաև, որ Ադրբեջանը կզրկվի հայ ժողովրդին մշտապես պատերազմով սպառնալու գործիքից, որի կիրառմամբ բազմաթիվ զիջումներ են կորզվել Հայաստանի գործող իշխանություններից։

Քոչարյանի վերադարձի դեմ պայքարելը Մինասյան–Փաշինյան–Մամեդյարով եռյակին կապող օղակն է։ Այս պահին եղած տվյալների համադրմամբ կարելի է ասել, որ Քոչարյանի վերադարձը Հայաստանի միակ շանսն է՝ դուրս գալու այն վտանգավոր իրավիճակից, որը կարող է հանգեցնել Ադրբեջանի գերակայության տակ հայտնվելուն։

Ընտրությունը քոնն է, հայ ժողովուրդ։

Նկարը ստեղծված է արհեստական բանականությամբ