«1992 թվականից հետո մենք որևէ անգամ չենք համարել, որ պատերազմը որևէ օր ավարտվել է։ Տեսնելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ մենք իրավունք չունենք պատերազմն ավարտված համարելու»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը։
«Երեք տարի առաջ տեղի ունեցածն աշխարհին ցույց տվեց, որ ցանկացած ժամանակահատվածում հայ ժողովուրդը կարող է միաբանվել, երբ խնդիրը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը։ Ես խոնարհվում եմ մեր զոհերի, նրանց մայրերի առջև։ Ապրիլյան պատերազմը դաս էր ոճրագործներին, որ չի կարելի նման լեզվով մեր երկրի հետ խոսել»,-ասաց Բաղդասարյանը:
Հարցին, թե ինչպես է գնահատում Փաշինյան-Ալիև հանդիպումը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ որևէ դրական սպասելիք ակնկալել չի կարող.«Չկա ընդհանուր դաշտ, որտեղ հնարավոր լինի ընդհանրություն գտնել»:



