«Պասերով ֆուտբոլ» Երեւանի եւ Բաքվի միջեւ՝ ուղ...

Երեկվանից բավական հետաքրքիր զարգացումներ են լինում Հայաստանում։ Նախ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը դժգոհում է ՀԱՊԿ «դանդաղկոտությունից», հայտարարում, որ ՀԱՊԿ-ը աշխատանքային մակարդակում հայտարարում է, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա Հայաստանից, իսկ պաշտոնապես չի ասում, ապա խոսում է այն մասին, որ ամենեւին էլ բացառված չէ, որ Հայաստանը կդիմի ՄԱԿ ԱԽ-ին, հետո արդեն մանեւրում, որ պարզապես հնարավոր չէ, որ Ռուսաստանը չկատարի իր դաշնակցային պարտավորությունները, իսկ մինչ այդ էլ իշխանական Ռուբեն Ռուբինյանն է ասում, որ հնարավոր է նաեւ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմի 4-րդ հոդվածով, իսկ այսօր՝ վաղ առավոտյան արդեն իմանում ենք, որ վեց նոր հայ գերիներ կան, որոնք, ըստ պաշտոնական հայտարարության, արել են ինժեներատեխնիկական աշխատանքներ մեր տարածքներում։

Ու այս մասին Փաշինյանը մեկնաբանում է, որ հայկական կողմի զինվորականները կատարել են ականապատման աշխատանքներ, ըստ էության հաստատելով Բաքվի առաջ քաշած վարկածը։ Արդեն րոպեներ առաջ՝ իշխանական կարկառուն ներկայացուցիչ Լիլիթ Մակունցն էլ հայտարարում է, որ գուցե ՀԱՊԿ դանդաղկոտությունն է պատճառը, որ իրադարձությունները նման կերպ են զարգանում։ Հիմա մի բավական հետաքրքիր հարց կա, որ պետք է ձեւակերպվի․ ինչ «պասերով ֆուտբոլ» են խաղում մի կողմից Փաշինյանն ու Բաքուն եւ հետո՝ ինչ «պասերով ֆուտբոլ» են խաղում Փաշինյանն ու թիմակիցները եւ ինչու են ուզում հատուկ կերպով խնդիրը նորից «ռուսների գրպանը գցած լինել»։

Մի քիչ միամիտ սցենար չէ արդյոք բեմականացվում Երեւանի եւ Բաքվի կողմից։ Եվ ով է այդ սցենարի ռեժիսորն ու սցենարիստը․ հասկանալի է՝ Բաքուն էլ, Երեւանն էլ ընդամենը դերակատարներն են, ու այդ սցենարն ինչքանով է տեղավորվում Արեւմուտք-Ռուսաստան առճակատման տրամաբանության մեջ։ Սա առաջիբ իսկ հայացքից ակներեւ պայմանավորվածության է նման, մի օղակը, աշխարհաքաղաքական մեծ խաղի, որը հիմա աշխարհում է ծավալվում։