Այս տարի որոշել եմ գործս թեթևացնել, բյուջեի նախագծի մասին խոսելիս անցնող տարիների մի թունդ ընդդիմադիրի ելույթներից եմ օգտվել, որ պատրաստեմ ելույթս: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ հերթական նիստին բյուջեի նախագծի քննարկմանը՝ մտքերի փոխանակության ժամանակ, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա սկսեց մեջբերել Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակահատվածում բյուջեի քննարկման ժամանակ հնչեցրած ելույթներից:
«Բյուջեի քննարկում, 2012 թ., 14 նոյեմբեր, ԱԺ, այս ամբիոն. պատմության մեջ առաջին անգամ 2013 թվականի բյուջեով արտաքին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ հատկացումները գերազանցել են 400 մլն դրամը, և նախատեսվում է այդ նպատակի համար հատկացնել 418 մլն դրամ: Խայտառակություն էր գնահատվում 2012 թվին, 1 մլն դոլար էր մոտավորապես: 2025 թվականի բյուջե՝ արտաքին պարտքի սպասարկման համար 1 մլրդ դոլար»,- նշեց նա:
Պատգամավորը շեշտեց, որ հիմա կառավարությունն ասում է՝ արտաքին պարտքը մեծացնելով՝ որևէ վտանգ չի սպառնում, կարող ենք մեծացնել:
«2015 թվական, Նիկոլ Փաշինյան, նոյեմբերի 4-ին,«ՀԺ»-ում մի հրապարակում եղավ, որ 5,6 մլն բնակչություն, շուրջ 120 մլրդ դոլարանոց բյուջե ունեցող Դանիայում ամբողջ պետական համակարգում կա ընդամենը 23 ծառայողական մեքենա, ու մինչ Սահմանադրական փոփոխությունների «այո»-ի ու «ոչ»-ի ճակատները քննարկում են, թե Հայաստանն ինչպիսի պետություն պետք է լինի, «կռուպնի» գործ անող տղերքը բոլորիս աչքի առաջ կառուցում են այսպիսի չնաշխարհիկ պադավապետություն»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարի Երեւանի քաղաքապետարանը 644 հազար ծախսել է 20 էլեկտրամոբիլ գնելու համար, որոնցից մեկը հենց տրանսպորտի վարչության պետինն է:
«Դանիայի խորհրդարանի նախագահը էդ ի՞նչ միամիտ մարդ է, չէ՞ որ իր ՊՊԾ-ին կարող էր ասել՝ խորհրդարանի նախագահը չի կարող ասել, թե քանի մեքենա ես առնեմ: Օրինակ՝ Ալեն Սիմոնյանն ասում է. ես ի՞նչ կապ ունեմ, երկու հատ ջիպ իմ BMW-ի հետևից գնում է, ՊՊԾ-ն է որոշում: Էն օրը ՊՊԾ պետի տեղակալն ասում է՝ մենք ենք որոշում՝ ինչ մեքենա գնենք: Հայաստանում որևէ այլ պաշտոնյա իրավունք ունի՞ ասելու՝ ՊՊԾ, դու թանկ մեքենա մի՛ առ, չէ՛, չի՛ կարող»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հետո Մանուկյանը հիշեցրեց արագաչափերին վերաբերող Փաշինյանի ելույթներից և ներկայացրեց վիճակագրություն. «2016 թվականին ՀՀ ՃՏՊ-երի արդյունքում մահերը եղել են 267, 2023 թվականին զոհերի թիվը եղել է 378, արագաչափերը կան, ՆԳՆ-ն հպարտանում է՝ արագաչափերի որակը բարձրացնելու են, լրիվ ուրիշ արագաչափեր են բերելու: Տեսախցիկները կան, բարգավաճում են, թիվն աճում է, ժամանակին ասում էին՝ Սաշիկինն է, բայց դե»: