Աշխատանքի և սոցիալական հարցերի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը հայտնում է․
«Ի պատասխան «Հույսի օջախ» կենտրոնում բնակվող անձանց խնամքի ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ մամուլի հրապարակումների՝ հայտնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործում են բացառապես պետական խնամքի հաստատությունները։ Նշված կենտրոնը մասնավոր է, հավաստագրված չէ ԱՍՀ նախարարության կողմից, սակայն գտնվում է Միասնական սոցիալական ծառայության ուշադրության ներքո։
Կենտրոնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ահազանգից հետո ՄՍԾ աշխատակիցներն իրականացրել են այց, տեղում ծանոթացել պայմաններին, կապ հաստատել շահառուների հարազատների հետ։ Ներկայում ևս իրականացվում են մշտադիտարկման այցեր․ նոր ահազանգեր չեն ստացվել։ Նշենք, որ գործող կարգավորումներով խնամքի կենտրոնների պարտադիր հավաստագրումը վերաբերում է միայն պետական ֆինանսավորմամբ ծառայություններ մատուցող կազմակերպություններին, սակայն որդեգրվել է նոր մոտեցում, համաձայն որի՝ խնամք տրամադրող բոլոր կազմակերպություններն առաջիկայում պետք է պարտադիր հավաստագրված լինեն։ Այս նպատակով ԱՍՀ նախարարության կողմից մշակվում են խնամքի նվազագույն չափորոշիչներ, որոնք գտնվում են ավարտական փուլում։ Դրանց ուժի մեջ մտնելուց հետո կիրականացվի հավաստագրման գործընթացը»։



