Պարզվեց Փաշինյանը «դուխով» չէր, այլ սուրճ էր...

Երեկ ամբողջ օրվա ընթացքում քննարկվեց ԵԱՏՄ միջառավարական նիստի ընթացքում Փաշինյանի և Մեդվեդևի միջև տեղի ունեցած միջադեպը: Ոմանք նշում են, որ Փաշինյանը ճիշտ է վարվել չկենտրոնանալով կատարվածի վրա, ոմանք էլ հանդիմանում են` նշելով, որ վարչապետը չպետք է լռեր:

Փաշինյանի ընդդիմախոսները կատարվածը ծայրահեղացնում են և նշում, որ ՌԴ վարչապետը ծաղրել է իրեն և ըստ այդմ` Հայաստանի Հանրապետությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ևս հետ չէին մնում և փորձում էին «Արդարացնել», թե ինչու՞ վարչապետը չի պատասխանել ՌԴ վարչապետի ծաղրին։ Երեկոյան ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում անգամ անդրադարձավ կատարվածին, գրելով․«Դուխը հենց այն է, որ դու քեզ տիրապետում ես նույնիսկ այն ժամանակ, երբ քո դիմացինն անտակտ կատակ է անում` փորձելով ավելի լավը թվալ: Հասկացող մարդու համար ինքն իրեն դնում վատ վիճակի մեջ, իսկ դու իրեն օգնում ես այդ իրավիճակից դուրս գալ: 

Դուխը այն է, երբ դու քո «վիպենդրյոժը» կամ «լավ տղա» երևալը չես գերադասում երկրիցդ կամ քեզնից: Դուխը այն է, երբ քո հյուրի սխալը տեսնում ու ժպտում ես, քանզի վստահ ես ուժիդ և ինքդ քեզ վրա: 
Իսկ հետագան տեխնիկայի և ժամանակի հարց է»։

ԱԺ փոխնախագահի արձագանքից հետո վարչապետ Փաշինյանը անդրադառնալով այս քննարկումներին իր ֆեյսբուքյան էջում գրեց․«Նոր մի պահ մտնում եմ ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, այլեւ մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետեւ բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավել տեւեցին։

Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում»։

Փաստորեն մինչ Ալեն Սիմոնյանը և նոր իշխանության այլ անդամներ հանրությանը համոզում էին, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը դուխով է, իսկ Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը «անտակտ», պարզվեց այդ ամենի պատճառը եղել է սուրճը։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները պարզապես սուրճ են ցանկացել խմել։