Պարտադիր զինծառայությունից ազատվեց երիտասարդ...

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի նիստում պարտադիր զինծառայությունից ազատեց երիտասարդ նկարիչ Միսակ Հարթենյանին:

Միսակ Հարթենյանը 2010-2015թթ. սովորել և ավարտել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրը: 2015-2019թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժինը և ստացել բակալավրի աստիճան, 2019-2021թթ. ավարտել է նույն բաժնի մագիստրատուրան: 2022թ. սովորում է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ասպիրանտուրայում և ուսանելու ընթացքում հրատարակել է գիտական երեք հոդվածներ: 2023թ. դասավանդում է գծանկարչություն Փանոս Թերլեմեզյանի  անվան գեղարվեստի պետական քոլեջում:

Միսակ Հարթենյանը իր ստեղծագործական գործունեությունը սկսել է վաղ հասակից, ստեղծել է ավելի քան 600 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, հեղինակել է իր ստեղծագործությունների 3 ծավալուն պատկերագրքեր՝ «Երփնագիր հեքիաթ» (2014թ.), «Իրականություն և երևակայություն» (2016թ.) և «Երազի գույնը» (2022թ.) խորագրերով:Միսակ Հարթենյանը 2018թ. հանդիսանում է «Հայ կերպարվեստ» հիմնադրամի պատվավոր անդամ, ինչպես նաև 2020թ.՝«Աշխարհի հայ նկարիչներ» միության անդամ:

Միսակ Հարթենյանիհամար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ժողովրդական նկարիչներ Վլադիմիր Մարգարյանը,Հրանտ Թադևոսյանը, Փարավոն Միրզոյանը, Արամ Իսաբեկյանը, Գետիկ Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Բարսեղ Թումանյանը, Հասմիկ Լեյլոյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը:

Միսակ Հարթենյանը 2010-2024թթ. մասնակցել և հաղթող է դարձել 28 միջազգային մրցույթներում:

Հաշվի առնելով Միսակ Հարթենյանի անցած ստեղծագործական ուղին, նրա ներդրումը հայ մշակույթում, ինչպես նաև Հայաստանն ու հայ մշակույթը միջազգային հարթակներում ըստ արժանավույն ներկայացնելը և խոստումնալից ապագան՝ առաջարկում ենք Միսակ Հանթենյանին ազատել պարտադիր զինծառայությունից:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ «Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» որոշում կայացրեց:

Ըստ այդմ, տարկետում ստացան Ալբերտ Արայի Թովմասյանը, Գոռ Անդրանիկի Սարգսյանը, Արթուր Համլետի Գրիգորյանը, Գուր Գոռի Սարգսյանը, Գևորգ Կարապետի Մատինյանը և Պավել Ռոբերտի Հայրիյանը:

Այս որոշման ընդունմամբ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտրվի կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում: