
Աշտարակի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Փարպի գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է թմրանյութ: Հայտնում են ՆԳՆ-ից:
Մարտի 25-ի առավոտյան նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ ընդունել է, որ երկար տարիներ օգտագործում է թմրանյութ, նաև տանն ու կից շինություններում ունի պահած մարիխուանա:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը կատարված զննությամբ նկուղում և տանը հայտնաբերվել է 109 գրամ մարիխուանայի նմանվող զանգված:
Հաջորդ օրը կատարված խուզարկությամբ էլ հայտնաբերվել են մոտ 9 գրամ կանեփանման զանգված, նույն զանգվածով լցված կաթուցիչ և ավելի քան 22 գրամ կանեփի սերմ:
Նախաքննությունը շարունակվում է: