Ես անկեղծ ասած սպասում էի, որ Ղազարյանը դահլիճում կլինի, որ ասեմ այն ամենը, ինչ մտածում եմ։ Այս մասին, այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ–ում հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանին։
«Պարոն Ղազարյան, նայում էի քիչ առաջ ձեր հարցազրույցը։ Գիտեք, որ մենք շաբաթ-կիրակի օրերին ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում այցելել էինք մարզեր, մասնավորապես այցելել էինք Գեղարքունիքի մարզ և Կոտայքի մարզ և ֆանտաստիկ ընդունելության էինք արժանացել մեր հայրենակիցների կողմից։
Հիմա նայում եմ, պարոն Ղազարյան, ասում եք դե իրենց մարդիկ են, հավաքել են վարչական լծակներ օգտագործելով, շոու են անում, լիքը խնդիր կա, ոչ մի բան չի արվել։ Նախ երբ դուք ինքներդ հաջորդ անգամ կգնաք, օրինակ Վարդենիս, այդ մարդկանց որ կհանդիպեք իրենք ձեզ կասեն՝ իրենց վարչական լծակով են բերել, թե՞ իրենց կամքով են եկել։
Բայց ես ձեզ տարբերությունը ասեմ, ինչու համար են մարդկանց վերաբերմունքը լավ, որովհետև երբ որ դուք շուրջ 20 տարի, օրինակ, Զոլաքար համայնքի ղեկավարն էիք, մանկապարտեզի շենքը օտարել էիք ձեր մտերիմներից մեկին, հետո այդ մարդը վարձով տվել էր դա »Վիվասել»–ին։ Մենք այնտեղ նոր մանկապարտեզ ենք կառուցել 2024 թվականին»։
Այդ պահին Արման Ղազարյանը տեղից ինչ–որ բան ասաց, ինչին արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասելով. «Պարոն Ղազարյան, ձեզ նախազգուշացում եմ հայտարարում, հանգիստ նստեք ու լսեք»։
Թունյանը շարունակեց. «Կամ 1,8 կիլոմետր խողովակաշար է քանդվել ու վաճառվել ու, ըստ էության, հողերը մատնել վտանգի, իսկ այսօր այդտեղ նոր ջրամատակարարման համակարգ է կառուցվում։ Ու այսպես բազում բաներ կարող եմ մի քանի ժամ թվարկել։ Այնպես որ հարգելի պարոն Ղազարյան, քաղաքացիների վերաբերմունքը հստակ է և այդ վերաբերմունքը հունիսի 7–ի ուշ գիշերը պարզ կլինի»։



