Պարո'ն Փաշինյան, դուք Մովսեսը չեք, դուք ժողով...

Մարդը խոստովանեց, որ մի բան խոստացել են, ուրիշ բան արել են, կոպիտ ասած ժողովրդին խաբել են, «քցել» են, բայց ո՞վ է մեղավոր, իհարկե հպարտ ժողովուրդը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17–ին, ԱԺ–ում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025–ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատըգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա մեջբերեց Նիկոլ Փաշինյանի նախօրի րած հայտարարությունը. «Եկեք խոստովանենք որ 2021 թվական մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական փսևդոդաշնակցական ծրագիր, այս ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, ժողովուրդն այս ծրագիրը մի կողմ է դրել, պատռել է, և մեզ պարտադրել է ուրիշ օրակարգ»։

Խաչատրյանը շարունակեց. «Ներեցեք էդ ո՞նց, այդ երբ այդ նոր օրակարգը ձևավորվեց, ձևակերպվեց, ձեզ ներկայացվեց, հաստատվեց։

Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանը ու իր թիմը ձեզ բազում խոստումներ են տալիս, ինչպես տվել են հինգ տարի առաջ, երկու օր առաջ խոստովանեց, որ չի կատարել ու էլի չի կատարելու, որովհետև դուք ուզել եք մի բան, ինքը առաջարկել է ուրիշ բան։ 21 թվականին ձեզ հաջողացրեց մոլորեցնել, 26-ին էլ եք մոլորեցվելո՞ւ։ Վստահ եմ՝ ոչ։

Սիրելի հայրենակիցներ, մենք դեմ չենք խաղաղության, ինչպես փորձում է ներկայացնել ՔՊ-ական գեբելսյան քարոզչությունը։ Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին և հենց այն պատճառով, որ ինքը ունակ չէ խաղաղություն հաստատել։ Սակայն Նիկոլ Փաշինյանը ու իր թիմը այս խախուտ հրադադարը շարունակում են համարել խաղաղություն և մի բան էլ փորձում են բացատրել, թե ինչպես եկանք այս օրվան։

Ինքն իրեն հարց է տալիս՝ ինչպես, ու պատասխանում՝ զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների ու տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով։ Պարոն Փաշինյան, դուք Մովսեսը չեք, դուք ժողովրդին չբերեցիք Ավետյաց երկիր, դուք բերեցիք ողբ, ողբերգություն, Արցախի Հանրապետության կորուստ, Հայաստանի երրորդ Հանրապետության կորուստ։ Դուք Իվան Սուսանինն եք, այն տարբերությամբ, որ Իվան Սուսանինը կործանեց զավթիչների զորքին, դուք փորձում եք կործանել սեփական ժողովուրդը»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Նա հիշեցրեց ԵՄ ամբիոնից Փաշինյանի հայտարարությունը, թե երբ Հայաստանը 1991 թ. միացավ ԱՊՀ-ին՝ դարձավ անկախ և հարցրեց.«Այսինքն, որ Լիտվան չի միացել ԱՊՀ-ին՝ անկախ չէ՞, Վրաստանը, որ դուրս եկավ ԱՊՀ-ից՝ անկախությունը կորցրե՞ց։ Եվ այս հավատամքով մարդը մեզ սովորեցնում է, ինչ է անկախությունը։ Այստեղ են ասել՝ աշխարհ կանգնի, իջնող կա։

Նոր  պատերազմի սպառնալիքը, Նիկոլ Փաշինյանը ընտրություններում որպես հաղթաթուղթ է օգտագործելու՝ Ես չլինեմ, չի լինի Հայաստանը: Ու զարմանում են, որ ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանը Ալիևի սրտի վարչապետն է»,–ասաց նա։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ուռճացնում է Ադրբեջանից գնված և Վրաստանով Հայաստան ներմուծված մի բաժակ բենզինի նշանակությունը. «Ավելին, նա պնդում է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները ոչ միայն արտաքին ճակատի վրա են խաղաղություն բերել, այլև ներսում են մեր կյանքը դրախտի վերածել։ Իբրև թե ադրբեջանական նավթամթերքի ներկրումը ի վերջո այն գործոնն էր, որի արդյունքում իշխանություններն ավարտեցին նավթամթերքի շուկան, մենաշնորհի կազմաքանդման օպերացիան։ Ասում է՝ Հորմուզի նեղուցը փակվեց, բայց մենք այնքան բենզին ենք բերել, որ դա մեզ վրա չի ազդել։ Ներկրված բենզինը ընդամենը մի բաժակ է, տարեկան մեր պահանջարկը 200,000 տոննա է, բերել ենք 5000-ից պակաս։ Թե չէ հայ մոնոպոլիա, հայ մաֆիա, հայ մարդ, հայ աշխարհ, հայ հեռախոս։ Այդ 5%-ը ո՞նց ազդեց մոնոպոլիայի վրա, ո՞նց ազդեց գների վրա, ո՞նց ազդեց մաֆիայի վրա։ Ուրեմն ինչու է Նիկոլ Փաշինյանը ուռճացնում այս խնդիրը, պատճառը մեկն է, չեն բացառում, որ վաղը ասեն՝ ադրբեջանցիները օգնեցին հաղթելու հայկական մաֆիային և նաև միջազգային մաֆիային, դե հիմա ադրբեջանցի ոստիկաններն էլ թող գան, որ օգնենք, որ փողոցում էլ մարդիկ իրար չսպանեն։

Արդեն հայտարարել են, որ Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Այնպես որ շատ չզարմանաք, որ վաղը Ադրբեջանի ասկյարներն էլ գան, որ Հայաստանի անվտանգությունը երաշխավորվի»,–ասաց նա։