Պապոյանն ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխ...

Հայաստանի  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 22-ին ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) նորընտիր գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլան և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

Շնորհավորելով Շեյխա Ալ Նոյիսին UNWTO-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Գևորգ Պապոյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և ամրապնդվել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները, համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային ոլորտներից է, որի ներուժը դեռևս լիարժեք բացահայտված չէ։ Ոլորտի առավել հեռանկարային ուղղությունների թվում նախարարը մատնանշել է, մասնավորապես՝ բժշկական զբոսաշրջությունը։ Այս համատեքստում նախարարն առաջարկել է դիտարկել UNWTO-ի հետ համատեղ Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի կազմակերպման հնարավորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում զբոսաշրջային կլաստերների զարգացմանը, դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացմանը, գինու տուրիզմի առաջմղմանը, ոլորտի թվայնացմանը, ինչպես նաև զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը։