Մամուլում բազմաթիվ անգամներ գրվել է Նիկոլ Փաշինյանի թիմում առկա տարաձայնությունների և հակասությունների մասին։ Դրանք իհարկե ոչ մի կապ չունեն Հայաստանի ապագայի, անվտանգության հետ, այլ զուտ ներթիմային գզվրտոցներ են հանուն պաշտոնի պահպանման կամ ավելի լավ պաշտոնի ակնկալիքով։
Փաշինյանը շարունակում է մշտապես անհանգիստ պահել բոլոր այն թիմակիցներին, ովքեր կարող են մտքի ծայրով անգամ հավակնել բազմել վարչապետի իր աթոռին։ Այս կոնտեկստում Փաշինյանի հիմնական թիրախներից է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարն ամեն անգամ նոր սկանդալի կիզակետում է հայտնվում և ամեն անգամ նոր հարվածներ է ստանում։
Երեկ էլ Ազգային Ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, Նիկոլ Փաշինյանի մտերիմ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ Ճողողը ամենածանր հարցը տվեց։ Խոսքը պատերազմից հետո առաջնագծի անբարվոք վիճակի մասին էր։ Հարցը տալուց առաջ էլ Գաբրիելյանը հեգնական հիշեցրեց Պապիկյանին, որ իր հարցը «հումոր չէ և լուրջ պատասխան է ակնկալում»։ Սա, ըստ էության, գոտկատեղից ներքև հարված էր Պապիկյանին կամ իր նախարարական կարգավիճակը «բանի տեղ չդնելու» փորձ։
Պապիկյանը պատասխանելիս անհարմար դրության մեջ հայտնվեց, ակնհայտ էր, որ չէր սպասում թիմակցի կողմից նման հարց և ակնհայտ էր, որ լավ է հասկանում, թե ում ցանկությամբ է իր նախարարական «նավը ճոճում» Նավակ Ճողողը։ Բայց կարծես ինքն էլ հետ չմնաց և քննարկումից դուրս գալուց հետո, ի պատասխան լրագրողների հարցերի, շատ կտրուկ հայտարարեց, թե չի պատրաստվում հրաժարական տալ։ Սա էլ թերևս Պապիկյանի պատասխանն էր Փաշինյանին։ Ինչ խոսք ՔՊ-ում թեժ գարուն է լինելու։



