
Հինգշաբթի օրը The Dawn թերթի հաղորդմամբ՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը երկրում տեղի ունեցած հզոր հորդառատ անձրևները բնորոշել է որպես «Դատաստանի օր»։ Այս մասին նա հայտարարել է Խայբեր-Պախտունխվա նահանգում ջրհեղեղներից և սողանքներից տուժածների հետ հանդիպման ժամանակ
«Միայն Խայբեր-Պախտունխվայում մեր ավելի քան 350 եղբայրներ և քույրեր են մահացել, իսկ ամբողջ երկրում զոհերի թիվը գերազանցել է 700-ը։ Սա մի տեսակ Դատաստանի օր է», - շեշտել է վարչապետը։
Նա հիշեցրել է 2022 թվականի ավերիչ ջրհեղեղների մասին և ընդգծել, որ այդ ողբերգությունից դասեր այդպես էլ չեն քաղվել։ Այն ժամանակ ջրհեղեղները վնասել են Պակիստանի տարածքի մեկ երրորդը։ Տարերային աղետի զոհ է դարձել շուրջ 2 հազար մարդ, իսկ տնտեսական վնասը կազմել է 30 միլիարդ դոլար։
Շարիֆը դատապարտել է գետերի ափերին և հեղեղատար վայրերում տների կառուցումը՝ անվանելով դա մարդկային սխալ, որը սրել է աղետը։ «Աշխարհի ոչ մի երկրում թույլատրված չէ շինարարություն կատարել նման վտանգավոր վայրերում»,- ընդգծել է նա։ Վարչապետը հայտարարել է ռիսկային գոտիներում շինարարության արգելք սահմանելու անհրաժեշտության մասին։ Նա խոստացել է խորհրդակցություն անցկացնել բոլոր նահանգների ղեկավարների և նրանց վարչակազմերի մասնակցությամբ՝ աղետների կանխարգելման և շինարարության կարգավորման հարցերի շուրջ համատեղ որոշումներ կայացնելու համար։
Վարչապետը մատնանշել է անտառահատման դերը ջրհեղեղների հետևանքների վատթարացման գործում և կոչ է արել վճռական գործողություններ ձեռնարկել Խայբեր-Պախտունխվայում ծառերի անօրինական հատումների դեմ։ «Եթե ծառերը տեղում լինեին, դրանք կարող էին կանգնեցնել ջրի և քարերի հոսքը», - ասել է նա՝ առաջարկելով անտառները պաշտպանելու համար համազգային շարժում սկսել։
Պակիստանում մուսսոնային անձրևների սեզոնը սովորաբար տևում է հունիսից մինչև սեպտեմբեր, ինչը բերում է ուժեղ անձրևներ, որոնք կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսության համար, բայց հաճախ հանգեցնում են ջրհեղեղների և այլ բնական աղետների: Օդերևութաբանները կանխատեսում են, որ տեղատարափ անձրևները կշարունակվեն մինչև սեպտեմբերի կեսերը: