Հայրենիքը հանձնողը պետական գույք կկառավարի՞․...

Երեկ հայտնի դարձավ, որ Պետգույքի կառավարման վարչության պետ նշանակվել է իշխանական թիմից, Արարատի մարզի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով հասարակության մեջ ավելի հայտնի է «կոկորդիլոս Գարիկ» անունով, շնորհիվ այն բանի, որ կոկորդիլոսաբուծարան էր ուզում հիմնել ու փորձում էր հասկանալ կոկորդիլոսը վերջապես «քարաճիկ» ունեցող թռչուն է թե ոչ։ Արարատի մարզպետի պաշտոնում բացառիկ ձախողումների հասած Գարիկ Սարգսյանին Պետգույքի կառավարման վարչության պետ նշանակելու համար Փաշինյանը պետք է ունենա լուրջ փաստարկ, որով ապացուցի, թե որ արժանիքի համար է նշանակում տարրական թվաբանության հետ խնդիր ունեցողին մի պաշտոնում, որը հենց մաթեմատիկայի լավ իմացություն է պահանջում։ Ինչ որ է։ Սակայն թողնելով հարցի մասնագիտական կողմը, անդրադառնանք մեկ այլ ասպեկտի․ իսկ ում է Փաշինյանը վստահում պետական գույքի կառավարումը՝ մարդու, ով խուճապահար թաքնվել է և կորցրել իր ինքնաձիգը Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օրերին։

Ընթերցողին հիշեցնենք, որ «Politik.am»-ը գրել էր, որ Գարիկ Սարգսյանը պատերազմի սկզբում թեեւ հպարտ կեցվածքով գրել էր «Շուշի սպասի գալիս ենք», բայց մինչեւ հիմա դեռ չի հասել Շուշի․ ավելին նա եղել է միայն Սղնախ գյուղում իր փոքրաթիվ ջոկատով, եւ երբ ադրբեջանցիները ականանետային հարվածներ են հասցրել այդ դիրքերին, «Կոկորդիլոս Գարիկը» խուճապահար վազել է թաքնվելու և այդ ընթացքում կորցրել է իր ինքնաձիգը, որը մի քանի օր անց արցախցի տղաները գտել են և ուղարկել մարզպետին։

Ընդ որում, երբ թուրքերը դադարել են ականանետային հարվածը, Գարիկ Սարգսյանը դիրքի արցախցի զինվորականներին ասել է, որ ինքը գործեր ունի և պետք է գնա ու գնացել է։ Մեկ օր հետո իր հետևից գնացել է նաև ջոկատը, որն իր հետ էր եկել։ Թե պատերազմի մյուս օրերին որտեղ են եղել, մեզ զանգահարողը դժվարացավ ասել։ Այս հրապարակումից հետո, իհարկե արդարացում եղավ Սեյրան Օհանյանի հետ լուսանկարի հրապարակումով, որը պետք է ապացուցեր, որ ինքը «խուճապահար լինող տղա չէ» ու եղել է Շուշիում, սակայն ՀՀ նախկին Պնախարար Սեյրան Օհանյանն է ըստ էության հերքել Գարիկ Սարգսյանին, «Politik.am»-ի հրապարակումը ըստ ամենայնի հաստատելով, որ «կոկորդիլոս Գարիկը» Շուշիում չի եղել։

Սակայն լավ, բա ուր է եղել Արարատի մեծ կենսաբան նախկին մարզպետը, որի համար տիեզերքի ստեղծման մեծագույն գաղտնիքներից է այն, թե վերջը կոկորդիլոսը քարաճիկ ունի թե ոչ, կամ թռչուն է արդյոք այն, թե չէ։ Մենք հույս ունենք, որ գոնե Նիկոլ Փաշինյանն ունի հարցի պատասխանը, թե պատերազմի ժամանակ որտեղ է եղել Գարիկ Սարգսյանը, քանի որ հենց Փաշինյանը «խասյաթ» դարձրեց պատերազմից հետո մարդկանց մեղադրել դիրքեր լքելու, պատերազմի դաշտը բաց թողնել հեռանալու եւ այլ վատ արարքիների մեջ։

Ու քանի որ գործող իշխանությունների համար վերեում Աստված կա, (եթե իհարկե փաշինյանականների համար վերեւում Աստված կա) ներքեւում «Ֆեյսբուքն» է, ապա փորձենք հենց ֆեյսբուքյան «հուշումներով» հասկանալ, թե պատերազմին Գարիկ Սարգսյանը մասնակցել է, թե ոչ։ «Ֆեյսբուքը» հուշեց, որ Գարիկ Սարգսյանի՝ պատերազմին իբր մասնակցելու մասին վկայող ընդամենը երեք «փաստ» կա՝ երեքն էլ լուսանկարի, իսկ մեկը՝ նաև կարճ տեսանյութի տեսքով։ Առաջին լուսանկարը հրապարակվել է հոկտեմբերի 24-ին՝ «Ուշ ընթրիք զորամասում» վերնագրով և «#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ» հեշթեգով։ Գարիկ Սարգսյանի դեմքի արտահայտությունից կարելի է ենթադրել, որ նախկին մարզպետը մրսած, հոգնած ու քաղցած չէ, ինչպես սովորաբար լինում են ռազմաճակատում գտնվող զինվորները։ Երկրորդ հրապարակումը  կատարել է մի քանի օր անց՝ հոկտեմբերի 26-ին, «Ներդաշնակում, Օր 2-րդ» վերնագրով և նույն տխրահռչակ՝ «#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ» հեշթեգով։

Լուսանկարներից տպավորություն ես ստանում, որ հավաքվածներն անվրդով մարտական պատրաստություն են անցնում։ Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր, ի դեպ, հանրագրի տակ գրում են, թե «Պալիգոններում պետք չէ նկարահանումներ…»։ Եվ վերջապես երրորդ հրապարակումը, որը բազմաթիվ հակադարձումների և դիտարկումների տեղիք է տվել ֆեյսբուքյան օգտատերերի կողմից․ այն կատարվել է դեկտեմբերի 8-ին՝ «Թե բա` Գարիկ Սարգսյանը Շուշիում չի եղել...» գրառմամբ։ Լուսանկարում Գարիկ Սարգսյանն է՝ Սեյրան Օհանյանի կողքին։

Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Հովսեփյանը լուսանկարի տակ հարցնում է․ «Հա բայց Սեյրան Օհանյանը դավաճան ա, բա ի՞նչ գործ ունեք էդ դավաճանի հետ։ Թե՞ մինչև էդ էր դավաճան, թե՞ դրանից հետո դարձավ, ընենց խառն ա, չի հասկացվում, ով երբ ա դավաճան։

Ու նման կասկածելի պատերազմական «կենսագրությամբ», հայրենիքը հանձնած գործիչը, մեր աշխարհահռչակ կոկորդիլոսաբույծը թե ոնց է պետական շահեր պաշտպանելու, կամ պետական գույքը կառավարելու, դժվար է ասել։ Մնում է հուսալ, որ որեւէ բարդ իրավիճակում խուճապի չի մատնվի ու պետության գույքը թողած փախչի տաքուկ անկյունում թաքնվելու համար։