Պահանջում ենք, որ «Հայելի» ակումբը պաշարածներ...

Հատուկ վերաբերմունք է ընդգծվել Անժելա Թովմասյանի նկատմամբ, որ նա Թովմասյաննների ընտանիքի անդամ է, և եղբայրն այժմ ՍԴ անդամ է, ով, ըստ էության, հետապնդվում է գործադիր և օրենսդիր իշխանության կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայելի» ակումբի և Անժելա Թովմասյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը:

«Այս պահին միայն Անժելա Թովմասյանին են ճանաչել տուժող, հարուցվել է քրեական գործ: Մասնակիցների կարգավիճակը քրեական գործում կասկածյալ է, մինչդեռ մենք ակնկալում ենք, որ նրանց պետք է տրվի մեղադրյալի կարգավիճակ»,-ասաց Փոստանջյանը:

Նա տեղեկացրեց, որ Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ նրանք նաև պնդել են, որ հնարավոր է` կապ լինի ակումբը պաշարած 4 երիտասարդների և գործադիր իշխանության միջև:

«Մենք պնդում ենք նաև, որ այս երիտասարդներն ուղղորդված են եկել հանրային տարածք: Մենք չենք կարող բացառել, որ այն ուղղորդվում է անմիջապես գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից: Պահանջում ենք, որ այդ կապի վերաբերյալ նույնպես քննություն կատարվի»,-ասաց «Հայելի» ակումբի և Անժելա Թովմասյանի շահերի պաշտպանը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ «Հայելի» ակումբի գույքի վնասի վերաբերյալ անցկացվում է փորձաքննություն: Փոստանջյանի խոսքով` վնասը եղել է ոչ միայն նյութական, այլև` բարոյական՝ թե Անժելա Թովմասյանին, թե «Հայելի» ակումբին` որպես իրավաբանական անձի: