Պահանջում են բացել կառավարական ամառանոցի դարպասը և բյուջեից միլիոններ չմսխել 2 ընտանիք պահելու համար. այս թեմայի շրջանակներում մամուլի ասուլիսին մասնակցում են «Երևանի այլընտրանքային քաղաքապետարանի» նախաձեռնության անդամներ Սոնա Աղեկյանը,Սարգիս Տեր-Եսայանը և Ռոման Խաչատրյանը:
Սոնա Աղեկյանը կարծում է, որ Հայաստանում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, քանի որ իշխող վերնախավը եղած միջոցները ծախսում է իր իսկ աշխատավարձերը բարձրացնելու վրա․«Կառավարության գաղտնի և թաքուն որոշմամբ կառավարությունը որոշեց, որ 2 մլն դոլար էլ պետք է տրամադրեն այն առանձնատան վերանորոգմանը, որտեղ ապրում են Փաշինյանները։ Կառավարությունը ոչ թե պետք է նախարարների աշխատավարձը բարձրացներ, այլ ուսուցիչների աշխատավարձի մասին պետք է մտածեր, կրթական ոլորտը պետք է բարելավեին։ Մեր պահանջն է, որպեսզի պարոն Նիկոլի և պարոն Արարատի ընտանիքները դուրս գան Ձորափի 70 հասցեից։ Նրանք այլևս իրավունք չունեն բնակվելու այդ հասցեներում։ Գիտեմ հիմա մի քանի զոմբիներ պետք է հասկանան, որ այն ինչ թույլատրված չէր նախկինների համար, թույլատրված չէ նաև այօրվա իշխանությունների համար»,-ասաց Սոնա Աղեկյանը։
Բանախոսը նաև հարց առաջ քաշեց, թե ինչու պետք է աղքատիկ Հայաստանի պետական միջոնցերով Փաշինյանի և Միրզոյանի ընտանիքների ծախսերը հոգան․«Իրենց անվտանգությունը կարող է ապահովվել նաև իրենց բնակարաններում։ Նիկոլ Փաշինյանն ինքն էր նշում, որ իրենից առաջ առանձնատանը ապրել է Տիգրան Սարգսյանը և նրա դուրս գալուց հետո տունը վերանագորվել և կահավորվել է»,-ասաց բանախոսը՝ նկատելով, որ ըստ էության առանձնատունը նոր վերանորոգման կարիք չպիտի զգար։



