Այսօր Ազգային ժողովի նիստում գլխավոր դատախազության հաղորդման քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթն այսպես սկսեց. «Եթե ես օրական 9000 հատ նամակ եմ ուղարկում արդարադատության նախարարություն, հետո քրեակատարողական վարչություն, հետո օրական 60 անգամ գնում ես կալանավայր, գալիս ես, և այլն, բայց կոնկրետ դատապարտյալների խնդիրը չի լուծվում, ստիպված ես էս ամբիոնից բարձրաձայնել»։
Նա նշեց, որ թեև վաղաժամկետ ազատման հանձնաժողովից ու պրոբացիայից կա նաև սուբյեկտիվ դժգոհություն, բայց չեն կարող համատարած բոլորի դժգոհությունները սուբյեկտիվ լինել, խնդիր կա։ Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովներում մի հերթապահ նախադասություն կա, թե դատապարտյալը հավատ չի ներշնչում.
«Հիմա մենք ուզում ենք հասկանալ՝ ոնց օրենքով էդ գնահատման չափորոշիչը, չափանիշը, էդ հավատի դոզավորումը, դասակարգումը … ո՞նց անեն էդ մարդիկ, որ տույժ չունեն, իրենց գործողությունները չեն հանգեցրել նրան, որ հայտնվեն կարցերում, այսինքն՝ տուգանքներ, տույժեր չունեն, քրեակատարողականի կողմից բնութագրվում են նորմալ, բայց պրոբացիոն ծառայության համար իրենք հավատ չեն ներշնչում։ Դե չի ներշնչում էս մարդը, ի՞նչ անենք»։
Զոհրաբյանը, դիմելով գլխավոր դատախազին, ասաց՝ պատրաստ է միասին աշխատել ու սահմանել այդ հավատի դոզավորումները:
Ինչ վերաբերում է դատավորներին ու պրոբացիայի ծառայության աշխատակիցներին, Զոհրաբյանն ասաց, որ չի հավատում, թե նրանք արդեն անկախ են ու ինքնուրույն են որոշումներ ընդունում։ Ըստ Զոհրաբյանի՝ նախկինում կառավարությունից «զանգերով արդարադատություն» իրականացրածները չեն կարող կտրուկ փոխվել։



