Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդման չի ենթարկվում, նրան կոնկրետ արարք է մեղսագրվում, պնդում է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը. «Կոնկրետ արարք է մեղսագրվում, կոնկրետ արարք, որը համադրվել է Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածի»։
Իրականում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի «համոզիչ» խոսքերին պետք է լուրջ չվերաբերվել։ Նա, նախկինում լինելով անկախ մարմնի ղեկավար, սպասարկում է օրվա իշխանության շահերը։
Արթուր Դավթյանը հնազանդ ծառա է եղել նաև նախկին իշխանությունների համար։ Բավական է հիշել միայն այն, որ Դավթյանը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին առկա բազմաթիվ քաղաքական բանտարկյալների առկայության պայմաններում հայտարարում էր, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան։ Նա գլխավոր դատախազ ընտրվելու օրը, որպես հավատարմության երդում ՀՀԿ-ական իշխանություններին, հայտարարեց, որ քաղբանտարկյալներ չկան մեր երկրում․«Քաղաքական պատճառով մարդկանց ձերբակալումներ չունենք մեր երկրում, բացառապես ցանկացած ձերբակալում կամ կալանավորում իրականացվում է քրեական դատավարության օրենքով նախատեսված հիմքով և կարգով: Իհարկե պնդում եմ, որ [մենք Հայաստանում քաղբանտարկյալ չունենք]»,-2016 թվականի սեպտեմբերի 9-ին գլխավոր դատախազի ընտրության օրը հայտարարեց Դավթյանը։ Եվ սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ ապստամբության դուրս եկած «Սասնա Ծռեր» խմբի տասնյակ անդամներ՝ Ժիրայր Սեֆիլյանը, Շանթ Հարությունյանը, Գևորգ Սաֆարյանը, Անդրիաս Ղուկասյանը ազատազրկված էին։
Հիմա էլ Արթուր Դավթյանը խնդիրներ ունի. խոսակցություններ են շրջանառվում, որ նոր իշխանությունները չեն ցանկանում աշխատել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ընտրված գլխավոր դատախազի հետ։ Փաշինյանը իր թեկնածուն ունի, և գուցե մոտ ապագայում ստիպեն «անկախ» մարմնի ղեկավարին «ինքնակամ» հրաժարական տալ։ Եվ ահա այս ամենից ելնելով, ինչպես ռուսներն են ասում, Արթուր Դավթյանը «отрабатывает»։ Նա փորձում է ցույց տալ Փաշինյանին, որ կլինի շատ ավելի հնազանդ, քան նոր իշխանությունների թեկնածուն։



