«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց...

Երեկ՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում Տավուշի մարզի բնակիչ 54-ամյա Տիգրան Խ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին ևս տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: