
Կանադան թույլ չի տա, որպեսզի իրենց երկիրը դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է կանադական ամենամեծ նահանգի՝ Օնտարիոյի ղեկավար Դագ Ֆորդը CTV հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արած հայտարարությունը։
«Մենք երբեք չենք դառնա 51-րդ նահանգ։ Մենք հպարտ ենք, որ կանադացի ենք։ Մենք միշտ կպայքարենք դրա համար»,- ասել է քաղաքական գործիչը։ Ավելի վաղ Ֆորդը խոստացել էր, որ Կանադան կդադարեցնի էլեկտրաէներգիայի եւ էներգակիրների մատակարարումները ԱՄՆ, եթե Թրամփը, այնուամենայնիվ, որոշի սակագներ մտցնել 25 տոկոսի չափով կանադական բոլոր ապրանքների վրա։
Դեկտեմբերի 18-ին իր Truth Social սոցցանցում Թրանփը կարծիք էր հայտնել, որ Կանադայի քաղաքացիները կկարողանային զգալիորեն խնայել հարկերի եւ պաշտպանության հարցում, եթե երկիրը դառնար ԱՄՆ 51-րդ նահանգը։
Ավելի վաղ երկու երկրների տարաձայնությունների ֆոնին հնարավոր կոշտ սակագների հարցում՝ Թրամփը վարչապետ Ջասթին Թրյուդոյին անվանել էր «Կանադա մեծ նահանգի» նահանգապետ։ Հետագայում Կանադայի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը կարծիք էր հայտնել, որ ամերիկացի քաղաքական գործչի խոսքերը հերթական կատակն են։ NBC հեռուստաալիքի հարցազրույցում Թրամփը հայտնել էր, որ Կանադան եւ Մեքսիկան կարող էին դառնալ նոր ամերիկյան նահանգներ, քանի որ ԱՄՆ-ը այդ երկրներին զգալի սուբսիդիաներ է տալիս։