
Օգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր:
Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։
Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել են ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։
Բացման արարողությունը եզրափակվել է հանդիսավոր երթով:
Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Զորավարժության հիմնական նպատակներն են՝
խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացում,
կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակման իրականացում,
ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդում:
Զորավարժությունը ներառում է նաև խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ։