Օգնությունը, որն այն ժամանակ բաշխվել է,թիրախա...

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստի ընթացքում, անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելուն ուղղված աջակցության ծրագրերին, դրանք համեմատեց Գյումրիում նախկինում տրամադվրող «օգնության» հետ, հիշեց իր մանկության տարիները և ասաց, որ այդ շրջանում ունեցել է անարդարության զգացում:

«Օգնությունը, որն այն ժամանակ բաշխվել է,թիրախային և արդար չի եղել»,-ասաց նա

Դանիելյանն ասաց, օրինակ՝  «Լուսավոր Հայաստանից» գործընկերներն առաջարկում են  թոշակառուներին ևս մեկ ամսվա թոշակ տալ, պատգամավորը որպես օրինակ մատնանշեց իր ընտանիքը և ասաց, որ նրանք, թեև կարիք չունեն, բայց օգտվելու են այդ առաջարկից.
«Ընդդիմության առանձին գործիչներ հայտնվել են մի իրավիճակում, որ ամեն օր կարող են նոր  բան առաջարկել, քանի որ շատերի ականջին դա հաճելի է, և շատերն էլ դրա կարիքը ունեն»:

Դանիելյանի խոսքով՝ ընդդիմությանը փորձում է իրավիճակից շահած դուրս գալ.

 «Ազնիվ չէ օգտվել դժվար իրավիճակից. միգուցե շատ երկար ճանապարհ անցած քաղաքական գործիչների համար ազնվությունն այդքան էլ քաղաքականության հետ պարտադիր առնչություն ունեցող բան չէ, բայց եկեք մենք մեր հռետորաբանության մեջ կոնկրետի մեջ մնանք»,-ասաց նա:

Ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը արձագանքեց պատգամավորի այս ելույթին, ասաց, որ ազնիվ չէ, երբ մենք մեր շրջապատով ենք չափում՝ մարդիկ  քաղցած են, թե ոչ:

«Այո՛, մի քանի ընտանիք  թող ավել ստանան այդ 100 հազար դրամը, բայց բազմաթիվ ընտանիքներ թող արդարաբար ստանան, նույնը վերաբերում է թոշակառուներին, թող Ձեր ծնողները, պարոն Դանիելյան, ևս ստանան, բայց նրանց հետ միասին ստանան շատ թոշակառուներ, ովքեր զանգում են և այսօր ունեն այդ թոշակի կարիքը»:
Նրա խոսքով՝ համակարգը չի գործում, հասցեականությունը չի աշխատում, և մոտեցումները վերանայելու խնդիր կա: 

Պատգամավորն անդրադարձավ նաև քաղաքացի Միքայել Մարգարյանին ոստիկանության բերման ենթարկելուն, ով ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր իրականացնում ընդդեմ կոմունալ վճարումների պատճառով անջատումների:

«Միքայել Մարգարյանն այն վառ ապացույցն է, որ Հայաստանի կառավարության հասցեական քաղաքականությունը տխուր և ողբալի վիճակում է»,-ասաց Սամսոնյանը: Տեղեկացրեց, որ քաղաքացին աշխատել է մշակութային միջոցառումներ կազմակերպելու բնագավառում, որն արտակարգ դրության պայմաններում արգելված է, բայց աջակցության որևէ ծրագրում այս ոլորտը ներառված չէ:

 «Կա՛մ կառավարությունում լավ չեն պատկերացնում տնտեսական գործունեությունների ամբողջական շղթան, կա՛մ լավ չեն աշխատում, երկու դեպքում էլ վիճակը շատ վատ է»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է պատգամավոր Բաբկեն Թունյանի հայտարարությանը, որ Հայաստանում ոչ մեկ չի մնալու սոված,  Սամսոնյանը հորդորեց հրապարակել իր հեռախոսահամարը և պնդեց, որ ընդամենը կես օրվա ընթացքում սննդի կարիք ունեցող այնքան մարդ կզանգահարի, որ Թունյանը կզղջա այդ ելույթի համար: