Նժդեհի արձանը ցանկանում են ապամոնտաժել ռուսնե...

Դեռևս այս տարվա փետրվար ամսին սկսեցին շրջանառվել խոսակցություններ, որ Արցախի իշխանությունները պատրաստվում են ապամոնտաժել Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը:  Տեղեկատվության հայտնվելուց հետո իշխանությունները շատ արագ հերքեցին այն: 

Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը «Սպուտնիկ» գործակալության հետ զրույցում պնդել էր, որ նման խնդիր չկա դրված. «Արձանը տեղադրվել է 2020–ի սեպտեմբերի 26-ին։ Դեռ վրան աշխատանքներ կան անելու։ Վարպետներն աշխատում են, որևէ պահանջ, հարց արձանը հանելուն այս պահին չկա»,– ասել էր նա:

Լուրը հերքել էր նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակից Նվեր Դադասյանը:

Արցախցի պաշտոնյաների հերքումներին հետևեց այն, որ տեղի իշխանությունները որոշեցին սավանով փակել արձանը: Ամիսներ շարունակ Նժդեհի արձանը մնաց սքողված, իսկ բացման արարողությունը առ այսօր այդպես էլ տեղի չի ունեցել:

Ադրբեջանցիները դադարեցին պահանջել Նժդեհի արձանի ապամոնտաժումը, սակայն ինչպես երեկ հայտնի դարձավ,  վերանորոգման աշխատանքների անվան տակ, արձանը ապամոնտաժելու մտադրություն ունի Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանը: 

Խնդրին անդրադարձ է կատարել նաև ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը. «Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես և օրեր առաջ Արցախից գրել էի , կրկին մութ ամպեր են հավաքվել Գարեգին Նժդեհի արձանի շուրջ և այս անգամ այն ոչ միայն ռուս բարձրաստիճան սպայի, այլ նաև Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ձեռքով։

Մարտունեցիների համառ պնդման շնորհիվ արձանը մնացել է իր տեղում, սակայն վտանգը չի չեզոքացել, քանի որ ինչպես և խոստացել էին, միչև մայիսի 9 ֊ը պետք է «արջի ծառայություն» մատուցեն ռուսական կողմին և իրականացնեն ֆաշիստական Թուրքիայի ու Ադրբեջանի հերթական կապրիզն ու տրվեն դրանց հրահրումներին»,-գրել է պատգամավորը իր ֆեյսբուքյան էջում։
Այս ամենից ակնհայտ է դառնում, որ Նժդեհի արձանի ապամոնտաժմամբ հետաքրքրված են, ոչ թե ադրբեջանցիները՝ այլ ռուսները: Սա է պատճառը, որը մայիսի 9-ի ռուս խաղաղապահների շքերթից առաջ, ռուսների պահանջով Արցախի ԱԽՔ պաշտոնում նշանակված Վիտալի Բալասանյանն է փորձում ապամոնտաժել արձանը: