NYT. Ռուսաստանն ուժեղացնում է ռազմական ներկայ...

Ռուսաստանը մեծացնում է ռազմական ներկայությունը Ֆինլանդիայի հետ սահմանին, գրում է New York Times-ը՝ հիմնվելով արբանյակային լուսանկարների վերլուծության վրա։

Լուսանկարներում, որոնք հաստատել են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, երևում են վրանների շարքեր, ռազմական տեխնիկայի նոր պահեստներ, կործանիչների համար նախատեսված թաքստոցների վերանորոգում և ուղղաթիռային բազայում շինարարություն, որը գրեթե չէր օգտագործվել և մոլախոտով էր պատվել։

Ֆինլանդիայի հետ սահմանին ներկայության ուժեղացումը, ամենայն հավանականությամբ, երկարաժամկետ ծրագրի մաս է։ Սա բոլորովին նման չէ նրան, ինչ տեղի էր ունենում Ուկրաինայի հետ սահմանին 2022 թվականին, գրում է NYT-ն։

Ֆինն պաշտոնյաների կարծիքով, Ռուսաստանին մոտ հինգ տարի կպահանջվի, որպեսզի սահմանին ռազմական ներկայությունը հասնի «սպառնալից» մակարդակի։

Վերլուծաբանները, գրում է NYT-ն, կարծում են, որ Ուկրաինայում պատերազմի սուր փուլի ավարտից հետո Ռուսաստանը կկենտրոնացնի իր զորքերը ՆԱՏՕ-ին սահմանակից շրջաններում և հատկապես Արկտիկայում։