ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա օգնության ծրագրերի կասեցումը ազդել է աշխարհի տարբեր նախագծերի աշխատանքի վրա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է New York Times (NYT) թերթը։
Թերթի ներկայացմամբ՝ ամբողջ աշխարհում առաքելությունները սկսում են աշխատակիցներին կրճատել կամ ուղարկել հարկադիր չվճարվող արձակուրդի։ Պարբերականը նշում է, որ միայն ԱՄՆ-ում տասնյակ հազարավոր աշխատակիցներ, որոնցից շատերն ապրում են Վաշինգտոնի շրջանում և աշխատում են ամերիկյան գործակալությունների հետ պայմանագրերով, կարող են կորցնել իրենց աշխատանքը։
Պարբերականի համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաման է արձակել կասեցնել գրեթե բոլոր այն ծրագրերը, որոնք ստացել են Կոնգրեսի կողմից հաստատված 70 միլիարդ դոլար տարեկան օգնության բյուջեի որևէ մասը։ Նա նաև հրահանգներ է ուղարկել արտերկրում գտնվող ամերիկյան առաքելություններին, որ հրամանը ուժի մեջ կմնա առնվազն 90 օր:
The New York Times-ը նշում է, որ Ռուբիոն երեքշաբթի օրը հուշագիր է հրապարակել, որ «կենսական հումանիտար օգնությունը», ներառյալ դեղորայքը, առողջապահությունը, սնունդն ու ապաստանը, կարող է ժամանակավորապես շարունակվել, և առաքելությունները կարող են դիմել այլ հրաժարումների համար:
The New York Times-ը հայտնում է, որ նոր որոշումների արդյունքում կդադարեցվի օգնությունն Ուկրաինային, Հորդանանին և Թայվանին։ Միաժամանակ կշարունակվեն Իսրայելի և Եգիպտոսի ռազմական ֆինանսավորման ծրագրերը։ Արտասահմանյան աջակցության ֆինանսավորման ծրագրերը շարունակելու, փոփոխելու կամ դադարեցնելու մասին որոշումները կընդունվեն պետքարտուղարի կողմից վերանայման հիման վրա: