Նվիրատվության պայմանագրերի համար կսահմանվի նո...

Հայաստանում անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար կսահմանվի նոտարական վավերացման պարտադիր պահանջ, նոտարը պետք է ստուգի գործարքի բովանդակության համապատասխանությունը կողմերի իրական մտադրությանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Արդրադատության փոխնախարար Արա Մկրտչյանը:

Գործող օրենքով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքները՝ առուվաճառք, նվիրատվության, վարձակալություն, ենթակա են նոտարական վավերացման՝ բացառությամբ, եթե դրանք կնքվում են կառավարության սահմանած օրինակելի ձևերով, որի դեպքում գործարքը կարող է կնքվել Կադաստրի կոմիտեում:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում 2020-2023թթ անշարժ գույքի նկատմամբ գրանցված բոլոր գործարքների ընդհանուր քանակական ուսումնասիրությունը վկայում է, որ նվիրատվության գործարքների քանակի տեսակարար կշիռը գործարքների ընդհանուր քանակում զգալի աճել է՝ իր հետ բերելով նվիրատվության գործարքների ռիսկայնության բարձրացում:

«Նվիրատվության գործարքների դեպքում առկա է գործարքի իրական նպատակը թաքցնելու, այն է՝ առուվաճառքի գործարքը նվիրատվության գործարքի միջոցով քողարկելու ռիսկ: Հետևաբար, նախագծով առաջարկում ենք անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանել նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ առանց բացառության: Միաժամանակ վերացվում է Կադաստրի կոմիտեի կողմից նշված գործարքները կառավարության որոշմամբ սահմանած օրինակելի ձևով կնքելու իրավասությունը»,-ասաց Մկրտչյանը: