
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուսաստանից բնական գազ գնելու իր կառավարության որոշման, ՌԴ-ն երկիր գազի գլխավոր մատակարարն էր, երբ նա լքեց պաշտոնը, հայտնում է AP-ն։
Ելույթ ունենալով Լիսաբոնում՝ Մերկելն ասել է, որ չի զղջում իր որոշումների համար։ Նրա խոսքով՝ Գերմանիան պետք է դիվերսիֆիկացնի իր էներգամատակարարումները, քանի որ երկիրը հեռանում է միջուկային եւ ածխային էներգիայից, եւ այդ անցումային շրջանում գազը անհրաժեշտ կլինի:
Նա նշել է, որ «այն ժամանակվա տեսանկյունից շատ ռացիոնալ եւ հասկանալի էր գազատարով գազ գնելը, այդ թվում՝ Ռուսաստանից, որն ավելի էժան էր, քան ՀԲԳ-ն աշխարհի այլ մասերից»։
Մերկելը հավելել է, որ «նույնիսկ սառը պատերազմի տարիներին Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է եղել»:
«Ռուսաստանի կողմից այս դաժան հարձակումը փոփոխություններ է մտցրել. սա շրջադարձային պահ է, եւ նոր կառավարությունը, իհարկե, պետք է դիմակայի դրան, եւ նա անում է դա»,- ասել է Մերկելը:
Նա հստակ հասկացրել է, որ չի զղջում Գերմանիայի կողմից միջուկային էներգիայի օգտագործումն աստիճանաբար դադարեցնելու 2011 թվականի իր որոշման համար եւ չի մեկնաբանի շարունակվող բանավեճն այն մասին, թե կշահագործվեն կամ որքան ժամանակ կշահագործվեն արդյոք մնացած ռեակտորները: