Նույնիսկ Ադրբեջանում զարմացած են, թե ինչպես է...

Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով ճնշել Բաքվին ու կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի և 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումները՝ մշակութային ժառանգության պահպանումը և արցախցիների անարգել վերադարձը Արցախ։

«Միջազգային մեխանիզմների կիրառմամբ պետք է ապահովվի մեր անվտանգ վերադարձը: Ցավոք, իշխանությունների գործողությունները բավարար չեն արցախցիների վերադարձն ապահովելու ուղղությամբ,  ավելին մենք նկատում ենք, որ արցախցիների վերադարձի հարցը  օրակարգից փորձ է արվում  հանել: Եթե մենք գոյաբանական, ֆիզիկական անվտանգությունից ելնելով՝ լքել ենք մեր բնակավայրերը, դեռ չի նշանակում, որ մենք հարմարվելու ենք: Ուսումնասիրելով Ադրբեջանի մեդիադաշտը՝ նկատում ենք, որ նույնիսկ այնտեղ են զարմացած, թե ինչպես է արցախցիների իրավունքների հարցը հանվում օրակարգից»,- լրագրողների հետ զրույցում ասաց տեղահանված արցախցի Արմինե Ավագիմյանը:

Նշենք, որ Միջազգային դատարանը նաև պարտավորեցրել էր Ադրբեջանին պահպանել Արցախի բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։