
Կառավարության ապրիլի 30-ի նիստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց նույնականացման քարտերի տրամադրման գործընթացի վիճակագրությունն ու սպասվող զարգացումները։
Նախարարն ընդգծեց, որ նույնականացման քարտերի նկատմամբ քաղաքացիների կողմից նկատվող բարձր պահանջարկը պայմանավորված է համակարգի նոր գործառույթներով և փաստաթղթերի ժամանակակից ձևաչափով։
«Ապրիլի 30-ի դրությամբ մենք ստացել ենք 96.900 դիմում նույնականացման քարտ տրամադրելու համար։ Դրանցից արդեն տպագրված է 81.900-ը։ Սակայն սա դեռ ամբողջական պատկերը չէ, քանի որ հերթագրման համակարգում սպասում է ևս 54.261 քաղաքացի, որոնք դեռ չեն ներկայացրել իրենց դիմումները տպագրության գործընթացը սկսելու համար։ Ընդհանուր հանրագումարով՝ շուրջ 151 հազար անձ արդեն ստացել է կամ սպասում է քարտին»,- ասաց ՆԳ նախարարը։
Սարգսյանի խոսքով՝ ներկայում օրական սպասարկվում է մոտ 1000 քարտի տպագրություն, սակայն թողունակությունը շուտով էականորեն կաճի։
«Մենք արդեն ձեռք ենք բերել երկու նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, ինչը թույլ կտա ավելացնել թողունակությունը։ Սա նշանակում է, որ առաջիկայում նույնականացման քարտերի տպագրության արագությունը կկրկնապատկվի»,- եզրափակեց Սարգսյանը։