Նույն հաջողությամբ Արա Սաղաթելյանին կարող էին...

Սրան այլ գնահատական տալ չի կարելի, քան քաղաքական տեռոր ու անբանության գագաթնակետ: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի դեմ հարուցված քրեական գործին:

«Ես չեմ կարող հասկանալ, թե ԱԱԾ-ն ինչքան կարող է խայտառակ լինել: Այսօր ինչ պիտակներ ասես այդ հիմնարկին կպցնում են: Կոնկրետ ասում են՝ «Գագիկ Սողոմոնյանի» անվան թիվ մեկ միջնակարգ դպրոցն է դարձել: Սա անթույլատրելի է եւ առաջին հերթին դրա մասին պետք է մտածեն այդտեղ աշխատող աշխատակիցները, որոնք կարել են էդ գործը, որովհետեւ նույն հաջողությամբ Արա Սաղաթելյանին կարող էին մեղադրել Տրոցկու սպանության մեջ: Բացի դրանից, այնքան անբան ու ոչ պրոֆեսիոնալ են, կոնկրետ մի մարդու են մեղադրում «ֆեյք քշելու» մեջ, որը  բացարձակ այլ մակարդակի վրա է:

Հաշվի առնելով, որ Նիկոլին չհաջողվեց փլուզել մեկ ինստիտուտ՝ դատական համակարգը, ես համոզված եմ, որ վերաքննիչ դատարանն այսօր արդար որոշում կկայացնի եւ Արա Սաղաթելյանը ազատ կարձակվի առանց երկար քննարկումների»:

Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ մարտի 4-ին, քննվում է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։

Սաղաթելյանը կալանավորվել է փետրվարի 21-ին՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ։

Արա Սաղաթելյանը մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով։

Դատարանն արձանագրել էր, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ, բայց այդուհանդերձ նրան կալանավորելու որոշում կայացրել։

Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։

Նշենք, որ այդ գործով մեղադրյալ կարգավիճակ ունեն Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը եւ քաղաքացի Արամ Սարգսյանը։ Այդ գործով կալանքի տակ է գտնվում նաեւ Արամ Սարգսյանը։