
Լատվիայի իշխանությունների խնդրանքով Նորվեգիայի ոստիկանությունը կալանել է Silver Dania նավը, որի անձնակազմը կասկածվում է Լատվիայի և Շվեդիայի միջև մալուխի վնասման մեջ:
Ոստիկանության տվյալներով՝ նավը նորվեգացի սեփականատեր ունի և գրանցված է Նորվեգիայում։ «Silver Dania»-ն գործել է Սանկտ Պետերբուրգի և Մուրմանսկի միջև։ Նավի անձնակազմը բաղկացած է Ռուսաստանի քաղաքացիներից։
Նավը կանգնեցվել է Նորվեգիայի տնտեսական գոտում և տեղափոխվել Տրոմսյո նավահանգիստ։
«Կասկածներ կան, որ նավը լուրջ վնաս է հասցրել Բալթիկ ծովում՝ Լատվիայի և Շվեդիայի միջև ընկած օպտիկամանրաթելային մալուխին։ Ոստիկանությունը նավի վրա գործողություններ է իրականացնում՝ ապացույցներ հավաքելու և հարցաքննություններ անցկացնելու նպատակով»,- ասվում է Նորվեգիայի ոստիկանության հաղորդագրության մեջ։
Հունվարի 26-ի առավոտյան Բալթիկ ծովում վնասվել է Լատվիայի պետական ռադիոհեռուստատեսության կենտրոնին պատկանող ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխը։ Լատվիայի և Շվեդիա միջև գտնվող Վենտսպիլս-Գոտլանդ հատվածում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել: Հետաքննության շրջանակներում Լատվիայի իշխանությունները զննել են Michalis San անունով նավը, որը գտնվում էր մալուխի վնասման վայրի մոտ: Շվեդիայի դատախազությունը հունվարի 27-ին հայտնել է մեկ այլ նավի կալանավորման մասին։