
Մայիսի 20-ին Նորվեգիայի գահաժառանգ արքայազն Հակոնը ժամանել է Կիև: Սա Նորվեգիայից թագավորական ընտանիքի անդամի առաջին այցն է Ուկրաինա պատերազմի սկսվելուց ի վեր: Այս մասին հայտնում է Նորվեգիայի կառավարության կայքը։
Նշվում է, որ այցը «Նորվեգիայի ուժեղ և շարունակական աջակցության արտահայտությունն է Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին»։ Թագաժառանգին ուղեկցում է էներգետիկայի նախարար Տերժ Օսլանդը։
Ուկրաինա այցի ընթացքում թագաժառանգը կհանդիպի Ուկրաինայի իշխանությունների և նորվեգացի գործընկերների հետ, ինչպես նաև կծանոթանա նախագծերին, որոնք աջակցություն են ստացել Նանսենի ծրագրի շրջանակում:
Այս տարվա սկզբին Նորվեգիայի խորհրդարանը համաձայնել է ավելացնել Ուկրաինային աջակցությունը 4,9 միլիարդ դոլարով՝ մինչև 2025 թվականին ընդհանուր առմամբ 8,3 միլիարդ դոլար: Ուկրաինայի Նանսենի ծրագիրը Նորվեգիայի ռազմական և քաղաքացիական աջակցության ամենամեծ ծրագիրն է, որի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիարդ դոլար 2023-2030 թվականների համար: