Նորածին երեխա ունեցող մայրը պետք է հնարավորու...

Թե Հայաստանում, թե աշխարհի բոլոր երկրներում կան կարծրացած պատկերացումներ տղամարդկանց ու կանանց սոցիալական դերերի մասին: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

 «Ի սկզբանե կարծրատիպային մոտեցումներ են ուսուցանվում, որ օրինակ, տղամարդը չի կարող զբաղվել այս աշխատանքով: Տղաներին ի սկզբանե բացի հայհոյանք սովորեցնելուց նաեւ սովորեցնում են, թե  ինչ մակարդակով կարելի է խնդիրներ լուծել, բռնությունն ինչ կարեւոր դերակատարում կարող է ունենալ, նույն քրեական ենթամշակութային երեւույթները ինչ կարեւոր նշանակություն ունեն, կամ ոփր էմոցիա արտահայտել չի կարելի, եթե լացեցիր՝ իսկական տղա չես եւ այլն: Սրանք նաեւ տղամարդկանց նկատմամբ խտրական մոտեցումներ են:

Ինչքան էլ մենք հռչակենք, որ լավ կլինի, որ կանայք ներգրավվեն հանրային կյանքում, աշխատանքում, բայց եթե չլինեն խթանող միջոցներ, այդ  թվում երեխա ունենալու, հետո երեխայի խնամքով զբաղվելու համար, միանշանակ խնդիրները լինելու են: Օրինակ, նորածին երեխա ունեցող մայրը պետք է հնարավորություն ունենա աշխատավայրում որոշակի ժամանակում իր երեխային կերակրելու:

Կամ օրինակ, ազգային փոքրմասնությունների համայնքներ ունենք, որտեղ վաղ ամուսնությունները լուրջ խնդիր են: Օրինակ, աղջիկները ոչ միայն կրթությունից են դուրս մնում, այլեւ առողջության պահպանման իրավունքի հետ կապված խնդիրներ են ունենում:

Օրինակ, հաշմանդամություն ունեցող երեխա ունեցող ընտանիքներում հենց կինն է ստիպված եղել ողջ կյանքում տանը մնալ, խնամքի բեռը կրել»,- ընդգծեց ՄԻՊ-ը: