Նորագյուղ թաղամասի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է. առաջիկայում վարչապետին և փոխվարչապետներին կներկայացվի քաղաքաշինական ծրագրի շրջանակներում ռիսկերի կառավարման, կողմերի իրավունքների և պարտականությունների մատրիցան: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը՝ նշելով, որ մասնավոր գործընկերոջից ստացած ամփոփ հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով և կառավարության համապատասխան որոշումը՝ քաղաքապետին լիազորություն տալու մասին արդեն շրջանառվել է:«Նախագիծը երկու անգամ նախարարական կոմիտեում քննարկվել է, որի արդյունքներով պայմանավորված վարչապետի մոտ տեղի է ունեցել նիստ՝ Երևանի քաղաքաշինական ծրագրերի ներկայացման և քննարկման վերաբերյալ, որի առանցքային թեման Նորագյուղ քաղաքաշինական ծրագիրն է: Առաջիկայում վարչապետին և փոխվարչապետներին կներկայացվի քաղաքաշինական ծրագրի շրջանակներում ռիսկերի կառավարման, կողմերի իրավունքների և պարտականությունների մատրիցան, որի շուրջ քաղաքապետի խորհրդականի հետ այս պահին աշխատում ենք»,-նշեց Անետա Բաբայանը:



